Սիրեցի ինչպես հեռացածին…

Սիրեցի ինչպես հեռացածին…

Մենք այստեղ եղել ենք:
Հիշեցի՝ –
Այստեղ բույրեր կան դեռ
Անցյալ օգօստոսից,
երբ ծորում էր ինչպես
դեղին մեղրը հացին
հետկեսօրը` թանձր ու թափանցիկ,
և բույրերից հստակ առանձնանում,
բարձրանում էր բույրը հասած դեղձի,
դռնապանը մայթին
մի պուտ ջուր էր ցանում
ու պրկվում էր նեղլիկ ծիածանով
անածական սիրուն եկեղեցին:

Քո արմունկից քիչ վեր
աղվամազ էր դեղձի,
քո արմունկից քիչ վար
կիսած դեղձի փոսիկ,
շոգն իսկապես շոգ էր,
ու թվաց ինձ
շոգած մայթը հիմա պիտի մայթով հոսի:

Անթափանցիկ շոգ էր,
Երբ հպվեցիր,
փշաքաղված դեղձի
աղվամազ էր,ու քեզ
կարոտեցի հեռվից սիրածի պես
ու սիրեցի ինչպես հեռացածին…

Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում