Հայաստանը և համանախագահները բազմիցս ընդգծել են գագաթաժողովների հանձնառությունները հարգելու անհրաժեշտությունը. Նալբանդյան
Նմանատիպ
1999թ.-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում ամրագրվում էր, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը՝ հետևելով նմանօրինակ հայտարարություններին, որոնք արվել են նախկին խորհրդային հանրապետությունների կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Իսկապես, Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Սակայն, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պահանջել Լեռնային Ղարաբաղը, և ոչ միայն այն: Փետրվարի 8-ին այդ երկրի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի տարբեր շրջաններ՝ ներառյալ մայրաքաղաք Երևանը, Ադրբեջանի պատմական հողերն են, ուր ադրբեջանցիները պետք է վերադառնան, և դա Բաքվի քաղաքական և ռազմավարական նպատակն է: Ձեր հայեցողությանն եմ թողնում, թե արդյոք սա տարածքային պահանջ է հարևան երկրի նկատմամբ, նիզակ ճոճում, թե՞ մեկ այլ բան: Ինչպես հայտնի է, Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը, որը ուժի կիրառման կամ սպառնալիքի հայտարարություններ է ներառում բազմիցս վերածվել է իրական գործողությունների»,- նշել է Նալբանդյանը:
Նրա ներկայացմամբ՝ 2016թ. ապրիլին Ադրբեջանը կրկին լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով՝ ներառյալ երեխաների, կանանց և տարեց անձանց սպանությունով, դիակապտությամբ, գերեվարված զինվորների` տխրահռչակ ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ ոճով գլխատումներով։ «Ակնհայտ է, որ այս ագրեսիան լուրջ վնաս հասցրեց խաղաղ գործընթացին: Ագրեսիայից հետո միջնորդ համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից կազմակերպվեց երկու գագաթաժողով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում` ուղղված իրադրության կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Սակայն, Ադրբեջանը հետքայլ կատարեց այդ գագաթաժողվներին ձեռք բերված պայմանավորվածություններից և հրաժարվեց կատարել դրանք: Դա նախևառաջ վերաբերում է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մշտադիտարկման կարողությունների ընդլայնմանը, ինչպես նաև իհարկե 1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարմանը: Բարձր մակարդակով հանդիպումների մեկուկես տարի տևողությամբ ընդմիջումից հետո էր, որ նախագահները կրկին հանդիպեցին անցած հոկտեմբերին Ժնևում: Գագաթաժողովից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, համանախագահների հետ համատեղ, հայտարարություն կատարաեցին, որում արտացոլվեց այն, ինչ Հայաստանը երկար ժամանակ կոչ էր անում. ինտենսիվացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածության նվազեցման համար, այսինքն, իրագործել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:
Էդվարդ Նալբանդյանը շեշտել է նաև, որ համանախագահները ևս բազմիցս ընդգծել են գագաթաժողովի հանձնառությունները հարգելու անհրաժեշտությունը, իսկ և վերջին նման հայտարարությունն արվել է ընդամենը մի քանի օր առաջ: «Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունները: Ամենաթարմ վկայությունը հունվարին Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն էր, որտեղ սկզբունքորեն համաձայնություն էր ձեռք բերվել իրականացնելու անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը: Այս պայմանավորվածության առնչությամբ Հայաստանն ու համանախագահները տարածեցին գրեթե նույնական հայտարարություն, մինչդեռ Ադրբեջանը դրան որևէ հղում չի կատարել ոչ հանդիպումից հետո ոչ էլ մինչ օրս: Երբ մի քանի օր առաջ համանախագահները այցելեցին տարածաշրջան, Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ այս պայմանավորվածությունը:Կարևոր է, որ միջազգային հանրությունը համանախագահ երկրների հետ խոսի մեկ միասնական ձայնով՝ խաղաղության գործընթացի առաջխաղացմանն ուղղված նրանց մոտեցումներին սատարելու համար»,– նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նալբանդյանի խոսքով՝ բոլոր հակամարտությունները տարբեր են, և հնարավոր չէ դրանք միավորել կամ դրանց նկատմամբ նույն մոտեցումն որդեգրել։ Տարբեր հակամարտությունների կարգավորման վերաբերյալ միջազգային հանրությունը տարբեր մոտեցումներ է որդեգրել: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման պարագայում համանախագահ երկրները բազմիցս վերահաստատել են, այդ թվում նախագահների մակարդակով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած են միջազգային իրավունքի երեք սկզբունքները` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը: Այս սկզբունքները մշակվել են համանախագահների կողմից որպես մեկ ամբողջություն, և, ինչպես նշել են եռանախագահները, սկզբունքներից որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հիմնախնդրի կարգավորումը: 2009թ. դեկտեմբերին Աթենքում կայացած նախարարական համաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, հավանություն են տվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման այս սկզբունքներին: Եվրոպական խորհրդարանը սատարել է այս սկզբունքներին իր մի շարք բանաձևերում: Նույն կերպ է վարվել Եվրոպական միությունը՝ ներառյալ Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրով:
«Սա այն է, ինչին հավանություն է տալիս ողջ միջազգային հանրությունը։ Անկողմնակալ միջնորդների կողմից առաջարկված այս փոխզիջման լեզվից ցանկացած շեղում կվնասի միջազգային հանրության համաձայնեցված ջանքերը, կխաթարի համանախագահ երկրների աշխատանքը, պառակտման կեղծ ազդանշան կհաղորդի, ինչը կարող է շահագործվել խաղաղության թշնամիների կողմից, և, ի վերջո, կարող է խաթարել խաղաղ բանակցային գործընթացը՝ ճանապարհ հարթելով նոր ռազմական գործողությունների համար: Հետևաբար, հարցին պետք է վերաբերվել ծայրահեղ զգուշությամբ: Նրանք, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների մոտեցումներին չեն կարող իրենց դիրքորոշումն ու ձևակերպումը փոխել մեկ փաստաթղթից մյուսը: Մեկընդմիշտ պետք է հստակեցվի, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված բանակցային լուծումը, որը ներառում է համանախագահների կողմից որպես հիմնախնդրի կարգավորման հիմք առաջարկված միջազգային իրավունքի երեք սկզբունքները, այլընտրանք չունի։
Հայաստանը բազմիցս վերահաստատել է, որ համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը»,– ամփոփել է Հայաստանի արտգործնախարարը:
ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին
Հետևեք մեզ նաև Telegram-ում