Ալեքսանդր Մանասյանը կարևորում է ադրբեջանահայերի կոտորածների իմաստավորումը Հայոց ցեղասպանության համատեքստում

Ալեքսանդր Մանասյանը կարևորում է ադրբեջանահայերի կոտորածների իմաստավորումը Հայոց ցեղասպանության համատեքստում

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն այն կարծիքին է, որ ամենակարևոր խնդիրը, որին պետք է հետամուտ լինեն թե Հայաստանի պետական այրերը, թե փորձագետները, ադրբեջանահայերի ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության համատեքստում իմաստավորելն է: Քաղաքագետը նման կարծիք հայտնեց «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Մեծ քաղաքականությունը հանգստություն և խաղաղություն է սիրում, ոչ թե զգացմունքային ալիքների վրա արտահայտված բառեր: Սա նշանակում է, որ մենք խնդիրը պետք է իմաստավորենք մեր մեծ քաղաքականությամբ և մեր նկատմամբ տարվող մեծ քաղաքականության համատեքստում՝ հանգիստ ձևով: Եթե մենք այդպես ենք մոտենում խնդրին, մենք պետք է փաստենք, որ Սումգայիթը եղել է ադրբեջանահայերի նկատմամբ ցեղասպանության ակտերից մեկը, իսկ մեծ թեման, որն անմիջականորեն կապվում է Սումգայիթի հետ, ադրբեջանահայության ցեղասպանությունն է, իսկ ադրբեջանահայության ցեղասպանությունը իր հերթին Հայոց ցեղասպանության ակտերից մեկն է: Այս ցեղասպանությունները, թվում է, թե երկուսն են, սակայն սա թուրքական վերնախավի կողմից մշակված նույն քաղաքականության երկու ակտերն են»,- ընդգծեց քաղաքագետը:

Նա ընդգծեց, որ 1918թ., երբ թուրքական բանակը ներխուժել է Անդրկովկաս, ամբողջ ճանապարհին հայկական բնակավայրեր հրկիզելով և ոչնչացնելով հասել է Բաքու, կոտորել է 30 հազար հայ և քաղաքական իրողություն է դարձրել այսպես կոչված Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը, որին տվել է իր ցեղասպանական վարքը: «Մեր արտաքին քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության համարժեք իմաստավորման մեջ ի՞նչ տեղ պիտի տրվի ադրբեջանահայության ցեղասպանությանը, ինչպե՞ս պետք է այն կապվի արցախյան հիմնախնդրի հետ: Սա է իմ կարծիքով այն խնդիրը, որին մենք բոլորս պետք է հետամուտ լինենք՝ պետական այրերից սկսած մինչև փորձագետներ: Ինչպե՞ս պետք է իմաստավորվի ադրբեջանահայերի ցեղասպանությունը հայոց ցեղասպանության համատեքստում: Ես կարծում եմ, որ մեր փորձագետներից շատերն այս ուղղությամբ շատ աշխատանք են տարել, սակայն արի ու տես, որ մեր ազգային-քաղաքական գիտակցությունը դեռևս պատրաստ չի եղել և նույնիսկ հիմա պատրաստ չէ ցուցաբերել այն պատրաստակամությունը, որ այս դիտակետով հարցը իմաստավորի»,- մանրամասնեց Ալեքսանդր Մանասյանը:

Նա լուրջ խնդիր է համարում այն հանգամանքը, որ ադրբեջանահայ փախստականների հարցը դուրս է մեր քաղաքական օրակարգից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում