Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» – մաս 2

Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» – մաս 2

Երբ հասնի վերջին օրս թշվառ,
Եվ ես հառեմ աչքերս՝ տեսնելու
վտանգները կրկնակի,
Քո փրկությու՜նը տեսնեմ թող,
հու՜յս և խնամակալ։
Եվ երբ ուշադիր նայեմ դեպի վեր՝
ամենագրավ ճամփին սոսկալի,
Խաղաղության հրեշտակդ թող
քաղցրությամբ հանդիպի ինձ։
Երբ վերջին օրը իմ շունչը փչեմ, ցույց
տուր ինձ դու, Տեր,
Երկնավորներից եկած երջանիկ,
Մաքուր մի ոգի,
Որ լուսաթռիչ՝ ի՜նձ հասնի՝ սիրուդ
պարգևը առած։
Հասցրու ինձ նույնպես կարեկից մի՝
մեռած արդարներից․
Հուսահատ օրս դու չարագործիս քո 
անակնկալ բարին պարգևիր։
Քա՜վ լիցի, թե դու, ով բարեբանյալ,
որ փրկությունն ես բոլորի,
Հիվանդ ոչխարիս դժնդակ գազան և
մի տաս ուղեկից․
Պարգևիր վերին կյանք՝ անապական
մեղքով մեռածիս,
Եվ փրկություն՝ պարտքերի տակ
կործանվածիս։
Գ
Միթե՞ պիտի մոռանաս բարերարելդ,
ո՜վ ակնկալություն․
Պիտի անտեսե՞ս գթասիրելդ,
ո՜վ խնամող․
Պիտի փոփոխե՞ս մարդասիրելդ,
ո՜վ անփոփոխ․
Պիտի նահանջե՞ս կենսագործելուցդ,
անվախճա՜ն․
Պիտի թողնե՞ս ողորմությունդ,
երջանիկ պտուղ․
Պիտի աղավաղե՞ս բարեշնորհ ծաղիկը
քո քաղցրության․
Պիտի անպատվե՞ս նյութը պանծալի
քո հարստության․
Պիտի պակասեցնե՞ս փառքը վարսերի
քո բարձրապանծ,
Պիտի չպահե՞ս պսակիդ պայծառ 
զարդը վայելուչ։
Եթե ողորմածներին է երանությունը,
Եթե դու, որ համակ արքայություն ես 
սիրով լիուլի,
Մի՞թե չպիտի պարգևես դու
քո փրկությունն ամբողջ․
Դեղ չնե՞ս պիտի իմ վերքերին
Եվ սպեղանի՝ խոցվածներիս և
տկարությանս՝ դարման չպիտի՞ տանես,
Պիտի չծագե՞ս լույս՝ խավարի մեջ-
ինձ, որ զորությանդ վրա եմ միայն 
իմ հույսը դրել,
Տիեզերական դու կենսապարգև։
Դու միայն ունես փառք իսկ ի բնե,
մշտնջենապես,
Եվ արարածներն համայն առհավետ
վկայում են այդ։
Օրհնված ես դու և փառավորված
Հավիտենության մեջ եռապատիկ
Եվ իմանալի հավիտյանների
սահմանից էլ վեր՝
Միշտ ու միշտ․ ամեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում