Դրախտ կամ կյանքի բարեկեցիկ պայմաններ

Դրախտ կամ կյանքի բարեկեցիկ պայմաններ

Մեծ Պահքի առաջին կիրակին կոչվում է բարեկենդան: Այս բառը նշանակում է զվարթություն և խնդություն, և այդ օրը պետք է ուրախություն անենք, պարարտ կերակուրներ ուտենք, որովհետև հաջորդ օրվանից պետք է պահք պահենք և զղջանք մեր գործած մեղքերի համար: Այդ օրվա ուրախությունը մեզ հիշեցնում է առաջին մարդկանց երջանկությունը դրախտում:

Իրենց նպատակին հասնելով` մարդիկ ցանկանում են մեկ այլ նպատակի իրականացում, և մարդը չի կարողանում իր ցանկություններին հագեցում, բավականացում գտնել: Թվում է, թե մենք ժառանգել ենք մեր նախածնողների կարոտը դրախտի հանդեպ և դրախտը կորցնելու ցավն ու թախիծը: Այս զգացումով մարդկությունը պատմության ընթացքում ցանկացել է դրախտներ ստեղծել երկրի վրա: Այդ փորձերը եղել են առանց Եկեղեցու և հոգևորի անտեսումով ու պատմության մեջ վերածվել են փորձությունների:

16-րդ դարում, երբ առաջ եկավ բողոքականությունը, բողոքական դարձած երկրներում փոխվեցին բոլոր եկեղեցական տոները, և փակվեցին վանքերը: Այս օրինակով 18-րդ դարի վերջում ֆրանսիական հեղափոխականները զրկեցին հոգևորականներին իրենց տիտղոսներից և եկեղեցական տոները փոխարինեցին հեղափոխական տոներով: Ֆրանսիական մեծ հեղափոխությունն ընթացավ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» նշանաբանով, սակայն հեղափոխությունը չկարողացավ իրագործել այս առաքինի գաղափարները: Գրեթե նույն ժամանակներում Անգլիայում անգլիական սահմանադրության հիմքում ընկած էր առաջին հերթին ոչ թե մարդկության, այլ հատկապես անձի երջանկության նպատակը:

Հետաքրքրական է պոզիտիվիզմի տեսությունը: Այն ենթադրում էր, որ կապիտալիզմը պետք է դառնա ավելի և ավելի կատարյալ, որի արդյունքում կձևավորվեր ծաղկող հասարակություն: Սակայն ուտոպիստներն առարկում էին պոզիտիվիզմի դեմ` ասելով, որ երկրի վրա դրախտային պայմաններ ստեղծելու համար բացի բարգավաճող հասարակությունից անհրաժեշտ է նաև աշխատանքի արդյունքների հավասար բաժանում: Այնուհետև առաջ եկավ մարքսիզմը` ուսուցանելով, որ երկրում դրախտ, այսինքն` ապահով և բարօր պայմաններ հաստատելու համար անհրաժեշտ է վերացնել մասնավոր սեփականությունը` հաստատելով հասարակական սեփականություն:

Նույնիսկ անտիկ ժամանակաշրջանում փիլիսոփաներն ու գիտնականները մտածում էին կատարյալ քաղաքական համակարգ ձևավորելու մասին: Հույն բանաստեղծ Հեսիոդոսը, ով ապրել է Ն. Ք. 8-7-րդ դարերում, մարդկության պատմությունը բաժանում է հինգ շրջանների` աստվածային, ոսկյա, արծաթյա, պղնձե և երկաթե: Նա ասում էր, որ մարդկության պատմության լավագույն շրջանն անցյալում է, և ապագայում առավել վատ մասն է գալու: Հունական մեկ այլ հայտնի փիլիսոփա և մտածող Պյութագորասը, ով ապրել է Ն. Ք. 6-րդ դարում, շեշտում էր պատմության շրջանային հասկացության տեսությունը` ասելով, որ երեք փուլեր կան` ծագում, զարգացում և վախճան: Հետևաբար, որևէ երկիր կամ պետություն անցնում է այս շրջանաձև ճանապարհով:

Պատմությունը ցույց է տվել, որ երկրում դրախտ հաստատելու բոլոր փորձերն ավարտվել են մեծ անհաջողություններով: Մարդը չի կարող դրախտ հաստատել աշխարհում, իր երկրում, իր ընտանիքում` դրախտից արտաքսված լինելով: Այդ նպատակի իրականացման համար նա պետք է կրկին արժանավոր դառնա և ստանա դրախտը: Առաջնային իմաստով իրական դրախտը Աստծո ներկայությունն է, որ մարդ զգում է իր շուրջը և իր ներաշխարհում, քանզի առանց դրա շատերի պատկերացրած առատ բուսականությամբ և կլիմայական հաճելի պայմաններով դրախտը վերածվում է սովորական պուրակի կամ զբոսայգու: Քրիստոս ևս հաստատեց, որ Աստծո Արքայությունը նաև մարդու ներաշխարհում է (Ղուկ. 17.21): Եվ այս այլաբանական իմաստով մենք պետք է ձգտենք հասնելու դրախտի, այսինքն` Աստծո իրական ներկայության: Դրանից հետո մենք կարող ենք հաստատել կյանքի եթե ոչ դրախտային, ապա գոնե մարդկային արժանավայել պայմաններ աշխարհում, մեր երկրում և մեր ընտանիքներում:

Սկզբնաղյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում