Վիրահայոց թեմը հույս ունի, որ նոր քահանաներ կնշանակվեն Ջավախքում
Նմանատիպ
Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախք-Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության կենտրոնում՝ Ախալքալաքում տեղի ունեցավ հոգևոր դասի ընթացիկ ժողով: Ժողովը նախագահում էր Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Բացման խոսքով հանդես եկավ Սամցխե-Ջավախք-Ծալկա ընդհանուր փոխանորդ Բաբկեն աբեղա Սալբիյանը: Նա ողջունելով առաջնորդին և քահանա հայրերին ներկայացրեց ժողովի օրակարգը և քահանաներին հնարավորություն տվեց ներկայացնելու անցած 4 ամսվա աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում է Akhaltskha.net լրատվական կայքը, քահանայական ժողովին մասնակցում էին տարածաշրջանում իրենց հոգևոր ծառայությունը մատուցող բոլոր 8 հոգևոր սպասավորները, ովքեր ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները, որոնք ոչ միայն եկեղեցական այլ նաև կրթական և մշակութային բնույթի էին: Հոգեւոր հայրերը ներկայացրին նաև այն հասարակական գործունեությունը կապված պետական, ազգային, եկեղեցական տոների և հիշատակի օրերի հետ:
Հոգևոր դասի կողմից բարձրացվեցին մի քանի կազմակերպչական խնդիրներ, որոնք առաջնորդը և փոխանորդը ստանձնեցին լուծել: Առաջնորդի կողմից աշխատանքը գնահատվեց լավ, ինչպես քահանաների, այնպես էլ Հայր Բաբկեն աբեղա Սալբիյանի: Թեմի առաջնորդն առաջարկեց արագացնել տարածաշրջանում կրթամշակութային և երիտասարդական կենտրոնների հիմնումը, հոգաբարձուների խորհուրդի հաստատումը և Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնի օրինակով կազմակերպել այդպիսի կենտրոններ նաև ՝ Ախալքալաքում, Ախալցխայում, Նինոծմինդայում և Ծալկայում:
Սրբազանը ուրախությամբ հայտնեց հոգևոր դասին, որ Մայր Աթոռում ձեռնադրվել են քահանաներ և հույս հայտնեց, որ նրանցից կնշանակվեն նաև Վիրահայոց թեմ: Եվ նրանք առաջին հերթին կնշանակվեն ծառայության փոխառաջնորդությունում:
Հավանաբար Գանձայում, քանի որ այնտեղ բաց կա: Քահանա հայրերի աշխատանքի մեջ նկատելի էր մեծ առաջընթաց: Առաջնորդի և փոխանորդի կողմից հանձնարարություն տրվեց, որ համայնքներում ակտիվացնեն կրթամշակութային գործունեությունը, որը հնարավորություն է տալիս շատ քանակով մարդկանց ընդգրկել եկեղեցական կյանքի մեջ: Թեմի առաջնորդն իր խոսքում նշեց. «Նվիրական ծառայություն է մատուցվում, որը շատ գնահատելի է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում