Սա ինչ գազան է
Նմանատիպ
Եկավ առաջին ձյունը: Շուրջը ամեն ինչ սպիտակ հագավ: Ծառերն սպիտակ էին, գետինը սպիտակ էր, ե՛ւ տանիքը, ե՛ւ արտասանդուղքը, ե՛ւ աստիճանները՝ ամեն ինչ ծածկվեց սպիտակ ձյունով:
Փոքրիկ Կատյան ուզեց ձյան վրա զբոսնել: Ահա նա դուրս եկավ արտասանդուղք, ուզում էր աստիճաններով իջնել պարտեզ. հանկարծ սանդուղքի վրա, ձյան մեջ, ինչ-որ փոսիկներ տեսավ: Մի գազանիկ էր անցել ձյան վրայով. արտասանդուղքի վրա էլ հետքեր կային, աստիճանների վրա էլ, պարտեզում էլ:
«Այ քեզ հետաքրքիր բա՜ն», – մտածեց Կատյան: – Էս ի՞նչ գազան է ման եկել: Պիտի իմանալ»:
Կատյան մի կոտլետ վեցրեց, դրեց աստիճանի վրա եւ փախավ:
Օրն անցավ, գիշերն էլ անցավ: Վրա հասավ առավոտը: Կատյան արթնացավ եւ շտապեց արտասանդուղք՝ տեսնի գազանն իր կոտլետը կերե՞լ էր: Բայց կոտլետին ձեռ չէր տված: Որտեղ դրել էր, այնտեղ էլ մնում էր: Իսկ հետքերն ավելի շատ էին: Նշանակում է, գազանիկը նորից էր եկել: Այն ժամանակ Կատյան կոտլետը վերցրեց, տեղը սուպի միջի մի ոկոր դրեց:
Առավոտյան Կատյան նորից վազեց արտասանդուղք: Նայեց՝ գազանիկը ոսկորին էլ ձեռք չէր տվել: Այս ի՞նչ գաղտնիք է՝ ոսկոր էլ չի ուտում:
Այն ժամանակ Կատյան ոսկորի փոխարեն կարմիր գազար դրեց: Առավոտյան նայեց՝ գազարը չկար: Գազանիկը եկել էր ու ամբողջ գազարը կերել:
Կատյայի հայրը ծուղակ պատրաստեց. արտասանդուղքի վրա մի շուռ տված արկղ դրեց, տակը տաշեղ ամրացրեց, իսկ տաշեղից կապեց մի գազար:
Եթե գազարը քաշեր, տաշեղը կթռչեր, արկղը կընկներ գազանի վրա:
Հետեւյալ օրը ե՛ւ հայրիկը, ե՛ւ մայրիկը, ե՛ւ նույնիսկ տատիկը գնացին նայելու, թե արդյոք գազանը թակարդ չէ՞ր ընկել: Իսկ Կատյան բոլորից առաջ էր վազում: Գազանն ընկե՜լ էր: Արկղը բռնել էր մեկին…Կատյան նայեց անցքից, տեսավ գազանիկ էր նստել այնտեղ՝ սպիտա՜կ-սպիտակ, փափլի՜կ-փափլիկ, աչքերը վարդագույն, ականջները երկար, կուչ էր եկել մի անկյունում, գազար էր ծամում:
Ճագա՜ր էր: Տարանք նրան տուն՝ խոհանոց: Իսկ հետո մեծ վանդակ պատրաստեցինք: Եվ նա սկսեց ապրել այնտեղ:
Իսկ Կատյան նրան կերակրում էր գազարով, խոտով, վարսակով եւ պաքսիմատով:
Եվգենի Չարուշին
Աղբյուր՝ heqiat.am։