Ռուստամյանը վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին ընտրելը ստեղծված իրավիճակում ամենաճիշտ լուծումն է համարում

Ռուստամյանը վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին ընտրելը ստեղծված իրավիճակում ամենաճիշտ լուծումն է համարում

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Հայաստանում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակը հաղթահարելու ամենաճիշտ լուծումը համարում է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ի շահերից էլ չի բխում երկրորդ անգամ տապալել վարչապետի ընտրությունը: «Եթե մայիսի 8-ին չի ընտրվում վարչապետ, տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, և ես չեմ կարծում, որ դա բխում է Հանրապետականի շահերից: Եթե նրանք երկրորդ անգամ տապալեն, ի՞նչ ռեսուրսով են մասնակցելու արտահերթ ընտրություններին, նույնիսկ ռեյտինգային ընտրակարգը նրանց չի օգնի: Ես կարծում եմ, որ եթե երկրորդ անգամ էլ մի բան հայտարարեն ու բոլորովին այլ բան անեն, սա քաղաքական ուժի համար վտանգավոր է»,- ընդգծեց Ռուստամյանը:

Նրա գնահատմամբ՝ կա հստակ ժողովրդային պահանջ, որը պետք է իրականացվի: Ռուստամյանը նաև կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց և նոր կառավարության ձևավորումից հետո 20 օրվա ընթացքում ներկայացվելիք կառավարության ծրագիրը ՀՀԿ-ն ևս կընդունի, քանի որ հակառակ պարագայում կրկին անցնելու են նույն գործընթացը: «Այդ դեպքում մենք կրկին պետք է վարչապետ ընտրենք, եթե չի ընտրվում վարչապետ, լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Չեմ կարծում, որ կարիք կա այս ամենի մեջով կրկին անցնել, իսկ ՀՀԿ-ի համար նույնիսկ այդ դեպքում արտահերթ ընտրությունները ձեռնտու չեն»,- ընդգծեց Ռուստամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում