Կոմպոզիտորները հեռանում են միությունից․ «Միությունը խոշոր հետընթաց քայլ է արել»

Կոմպոզիտորները հեռանում են միությունից․ «Միությունը խոշոր հետընթաց քայլ է արել»

Մի խումբ կոմպոզիտորներ դուրս են եկել Հայաստանի կոմպոզիտորների միությունից կամ պատրաստվում են այդ քայլին: Аravot.am-ի հետ զրույցում կոմպոզիտոր Վարդան Աճեմյանն իր այդ քայլն այսպես մեկնաբանեց. «Օրինակ, ես դիմում չեմ գրել, միայն նրա համար, որ չգնամ, հասնեմ այնտեղ, բայց, ըստ էության, դուրս եմ եկել միությունից»:

Կոմպոզիտորն ասաց, որ մեկ տասնյակից ավելի կոմպոզիտորներ են նման կերպ վարվել, եւ նրա խոսքով, շատերը չեն համակերպվում միության աշխատաոճին:

«Այդ մարդը (նկատի ունի Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին-Գ.Հ.) միայն իր մասին է մտածում, իր շրջապատի եւ իր ուսանողների: Ես կարծում եմ, որ Դիլիջանի ստեղծագործական տունը նույնպես կորցնում ենք, պետք է փրկել իրավիճակը»,-հայտնեց Աճեմյանը:

Կոմպոզիտորից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է այլընտրանքային մեկ այլ միություն ստեղծեն: Վարդան Աճեմյանը չբացառեց այն:

«Կոմպոզիտորների միությունից հիմնականում գրող կոմպոզիտորներն են դուրս գալիս, արժեքներ ստեղծողները»,-շեշտեց մեր զրուցակիցը` նշելով Վահրամ Բաբայանի, կոնսերվատորիայի պրոռեկտոր Մհեր Նավոյանի եւ այլոց անունները: Կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը Аravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երկու տարի է, ինչ Հայաստանում չեն հնչում իր ստեղծագործությունները, եւ սա այն դեպքում, երբ ինքը 45 տարի է՝ միության անդամ է: «Ես համարվում եմ միության անդամ, որովհետեւ գրածս դիմումին դեռ ընթացք չեն տվել: Ամեն դեպքում նոյեմբերին, թե դեկտեմբերին դիմումում նշել եմ, որ դադարեցնում եմ միությանն իմ անդամությունը…Իմ քայլը արել եմ»,-ասաց նա: Նաեւ հավելեց, որ իրեն խոստումներ են տրվում, առաջարկներ արվում, որոնք սկզբունքորեն մերժում է:

Պարոն Բաբայանն ասում է, որ դժգոհության պատճառները եւ անձնական են, եւ ընդհանուր. «Դրանք վերաբերում են թե միությունը վատ ղեկավարելուն, թե ինձ: Անընդհատ սպասումների մեջ էինք, հուսադրված էինք, խոստումներ էին հնչում, բայց ոչինչ չի փոխվել…Օրինակ, Ֆրանսիայում Վահրամ Բաբայանի երաժշտության փառատոն է կազմակերպվում, որը շարունակական պիտի լինի, ինչը որեւէ այլ հայ կոմպոզիտորի պարագայում չի եղել: Գրքեր են գրվել իմ մասին, շատ ուրիշ նվաճումներ ունեմ դրսում, մինչդեռ երկու տարուց ավելի կլինի՝ Հայաստանում իմ ստեղծագործություններից որեւէ նոտա անգամ չի հնչել»,-ներկայացրեց կոմպոզիտորը:

Նա ասաց, որ թեեւ 25 տարի է՝ գործում է նաեւ Լեւոն Չաուշյանի ղեկավարած Հայկական երաժշտական համաժողովը, սակայն չի բացառվում, որ մեկ այլ միավոր ստեղծվի: «Շատերը դա ռելիկտային մի բան են համարում, բայց աշխարհում, օրինակ՝ Գերմանիայում, ԱՄՆ-ում եւ այլուր, կան միություններ, ասոցիացիաներ, համախոհների խմբավորումներ: Թող լինի, ասենք, 8, 10 կամ 12 համախոհի միություն, բայց ոչ այնքան ուռճացված, ինչպես Կոմպոզիտորների ներկայիս միությունն է: Այնտեղ մոտ 140 հոգի կա` ամեն ճաշակի, որակի մարդ… Այս միությունում անդամները կտրուկ տարբերվում են միմյանցից, բայց օգտվում են միության բարիքներից հավասար չափով, ինչի արդյունքում երբեմն լավերը տուժում են»:

Կոմպոզիտոր Աշոտ Բաբայանն էլ նշեց, որ դեռեւս 4 տարի առաջ է միությունից հեռանալու դիմում գրել, սակայն իր անդամությունը չեն դադարեցրել: Պարոն Բաբայանը կարծում է, որ միությունը խոշոր հետընթաց քայլ է արել դեպի 80-ականները. «Դրանք միության ամենավատ տարիներն են եղել, եւ հիմա էլ վերադարձել են 80-ական թվականների մտածողությանն ու մեթոդներին, ինչը ինձ չի բավարարում: Ճիշտ է, Արամ Սաթյանն ընտրվելուց խոստացավ այլ կերպ աշխատել, սակայն այդ «այլկերպը» չենք տեսնում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում