Նախարար Մակունցը հաճույքով Գյումրի կտեղափոխվի ու կվերադարձնի գյումրեցիներից գողացված Մինասի որմնանկարները

Նախարար Մակունցը հաճույքով Գյումրի կտեղափոխվի ու կվերադարձնի գյումրեցիներից գողացված Մինասի որմնանկարները

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը երեկ Գյումրիում ապրիլյան պատերազմի մասին պատմող « Հարսանիք թիկունքում» ներկայացումը դիտելուց հետո՝ պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե՞ կօգնի վերադարձնել գյումրեցիներից գողացված Մինաս Ավետիսյանի 4 որմնանկարները, որոնք այս պահին գտնվում են կառավարության շենքում և «Զվարթնոց» օդանավակայանում, ասաց․ «Ընթացք, իհարկե պետք է տրվի։ Այն կտավները, որոնք չեն գտնվում այնտեղ, որտեղ իրենք պետք է լինեն, ցուցասրահներում, միանշանակ ամեն ինչ պետք է անել, որ վերադարձվեն։ Մենք, իհարկե, սկսել ենք արդեն այդ գործընթացը և պետք է հետևողականորեն շարունակենք։ Պիտի խնդրեմ, որ դուք ձեր հարցերով, հիշեցումներով, պարբերաբար ազդակներ ուղարկեք, անպայման հետևողական կլինենք»։

Հիշեցնենք, որ Մինասի որմնանկարներից երկուսը՝ «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» կառավարության շենք էին տեղափոխվել, իսկ մյուս երկուսը՝ «Թել եմ մանում» և «Երկանք» ավելի ուշ՝ 2011 թվականին տեղափոխեցին «Զվարթնոց» օդանավակայան։ Մեծ թվով գյումրեցիներ բողոքի մեծ ալիք բարձրացրեցին, սա համարեցին մշակութային կողոպուտ, քանի որ այդ որմնանկարներն այս քաղաքի բնակիչների սեփականությունն են, ստեղծել են նրանց ֆինանսավորմամբ, այդուհանդերձ նրան կամքին դեմ կանգնելով՝ տարան Գյումրիից։

Նախարար Մակունցը ընթացք է տվել նաև Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի՝ Գյումրու երկրագիտական թանգարանը Գյուլբենկյանի անվան նախկին հիվանդանոցի շենք տեղափոխելու առաջարկին։ Նախարարն ասաց, որ Լևոն Բարսեղյանի դիմումը մակագրվել է նոր փոխնախարարին։

Նա նաև ասաց, որ պատրաստ է աշխատել Գյումրիում․ իր գերատեսչությունը տեղափոխել երկրորդ քաղաք։ «Քիչ առաջ խոսում էի դերասանների հետ և ասում էի, որ իմ նշանակման առաջին իսկ օրերին ինձ հարց էին հղում՝ ինչպե՞ս եմ վերաբերում, շատ դրական։ Այստեղ կա միայն ադմինստրատիվ խնդիր, նկատի ունեմ կառավարության նիստերի հետ կապված հրատապ հանդիպումների կարիք է լինում, հենց հասկանանք այդ խնդիրները ինչպես ենք կարողանում հասցեագրել և նաև շենքի հարցը, ես պատրաստ եմ լինել այն առաջամարտիկը, որը տեղափոխում է նախարարությունը մարզեր։ Կարծում եմ՝ մշակույթի նախարարությունը միակ նախարարություն չպետք է լինի, որ մարզ տեղափոխվի, այլ նախարարություններ նույնպես պիտի տարբեր մարզերում իրենց գործունեությունը ծավալեն, որպեսզի կարողանանք այդ համաչափ զարգացման մոդելը և տրամաբանությունն ապահովենք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում