Աշոտյանը կոչ արեց իշխանություններին հետևողական լինել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններն ի կատար ածելու հարցում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախյան հարցում նոր իշխանությունների առջև դրված խնդիրները պետք է մասամբ կիսվեն նաև ընդդիմության տեսակետներով: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Արցախյան հարցում զգոնության պահպանումը և սթափ գործելու պահը երբեք չի անցնում: Այս տեսակետից կարծում եմ, որ ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահների մոտակա այցը, որը տեղի է ունենալու վաղը, հրաշալի հնարավորություն է ևս մեկ անգամ բանաձևելու Հայաստանի և Արցախի ժողովրդի քաղաքական կամքը և մոտեցումները»,- նշեց Աշոտյանը:
Անդրադառնալով Նախիջևանի սահմանին տեղի ունեցող գործընթացներին՝ Աշոտյանն ընդգծեց, որ պետք է միշտ հիշել, որ անկախ բարեգթության դրսևորումներից ընթանում է նաև տեղեկատվական պատերազմ, որում պետք է առաջնորդվել հաղթելու տրամաբանությամբ: «Այնուհանդերձ, ես կարծում եմ, որ ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է տեղեկացված լինեն, և ակնկալում եմ, որ կառավարության համապատասխան պաշտոնյաներն այս հարցով կզբաղվեն»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:
Նա կարծիք հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահները իրենց այցի ընթացքում պետք է գիտակցեն, որ Հայաստանում ոչ մի ներքաղաքական տեղաշարժ, արցախյան ոչ մի գործընթաց չեն կարող խաթարել հայ ժողովրդի միասնական կամքը՝ տեսնել Արցախն անկախ և ազատ: «Այս տեսանկյունից նոր իշխանություններին առաջարկում եմ հետևողական լինել Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները ի կատար ածելու հարցում: Ցավոք սրտի, առ այսօր ես արցախյան հարցում արտաքին քաղաքականության դրսևորումներում այս տրամաբանությունը չեմ տեսել: Անկախ նրանից, թե նոր իշխանությունը հակամարտության կարգավորման ինչ սցենար կառաջարկի, այնուհանդերձ, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները թերագնահատել պետք չէ:
Նրա գնահատմամբ՝ նախկին իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Արցախի հարցում որևէ պատահական բառ, արտահայտություն կամ միտք չկա: «Այդ ամբողջը ստեղծվել է բանակցային գործընթացի ընթացքում հմուտ, խորիմաստ մոտեցումների արդյունքում: Փառք ու պատիվ նոր իշխանություններին, եթե կարողանան անել ավելին, եթե չէ, առաջարկում եմ առաջնորդվել հին մշակումներով»,- ասաց պատգամավորը:
Արմեն Աշոտյանն ակնհայտ է համարում, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական գործընկերության դաշինքը պետք է ամրապնդել՝ և նշում, որ այս տեսանկյունից մեծ ակնկալիքներ ունի ՀՀ վարչապետի առաջիկա այցից Մոսկվա և ՌԴ նախագահի հետ հանդիպումից:
Նա նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանի անվտանգության հարցերը չպետք է կախված լինեն առանձին պաշտոնյաների տեսակետներից, որքան էլ նրանք սիրված լինեն: «Ակնհայտ է, որ դեռևս փետրվարին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բարձրացված խնդիրը՝ վերանայել ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը, այսօր ավելի քան արդիական է, քանի որ փոխվել է Հայաստանը, փոխվում է տարածաշրջանը, փոխվում է աշխարհը: Եվ կարծում եմ, որ մեր անվտանգային քաղաքականությունը բանաձևելու, բյուրեղացնելու տեսանկյունից կարևոր են հանրային ելույթները, սակայն դրանք երկրորդական են, եթե չկա երկարաժամկետ ռազմավարություն, եթե չկա պլանավորած քաղաքականություն, եթե չկա Հայաստանին մարտահրավերները և սպառնալիքները սթափ գիտակցելու քաղաքական կամք: Ես հաջողություն եմ մաղթում նոր իշխանություններին և կարծում եմ, որ մեր անվտանգության հարցերն ավելի կարևոր են, քան մեր ներքաղաքական տարաձայնությունները»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում