ՊՊԾ գնդի գրավման գործով նիստում ներկայացվեց բուժաշխատողների և զինված խմբի անդամների հեռախոսազրույցների ձայնագրությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 13-ին մեղադրող կողմը ներկայացրեց 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում բուժաշխատողների գտնվելու ընթացքում նրանց ծառայողական հեռախոսազրույցների ձայնագրությունները: Բուժաշխատողները զանգահարում էին իրենց հարազատներին և նշում, որ զինված խմբի անդամները բուժաշխատողներին բաց չեն թողնելու մինչև իրենց փոխարինող չգա:
Ներկայացվեց նաև մի ձայնագրություն, որտեղ լսվում է ՊՊԾ գործով մեղադրյալ Արայիկ Խանդոյանի և Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանի ձայնը: Ստեփանյանը խնդրում է Արայիկ Խանդոյանից, որպեսզի բուժաշխատողներից մեկին բաց թողնեն, քանի որ այդ օրը նրա ծննդյան օրն է, սակայն Արայիկ Խանդոյանը մերժում է խնդրանքը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ձայնագրությունից մի հատվածը առանց խմբագրության.
«Թագուհի Ստեփանյան. Գոնե աղջկան ծննդյան օրով հնարավոր է ազատել:
Արայիկ Խանդոյան. Իմ ծնունդին գիտես ես ուրդեղ եմ եղել, Թագուհի:
Թագուհի Ստեփանյան. Ախր դու տղամարդ ես
Արայիկ Խանդոյան. *** ընգամ, որ տղամարդ եմ:
Թագուհի Ստեփանյան. Ինքն էլ կինա:
Արայիկ Խանդոյան. Մեռնեմ իրան, ինքը կինա, մեր երեխուն բաց չեմ թողնում: Մեր երեխեն անկախ, ազատ Հայաստանումա:
Թագուհի. Եղավ»…
Մեղադրական կողմը շարունակում է ներկայացել ձայնագրություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում