«Բարեւ Երեւան»-ը դիմել է վարչական դատարան` Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով
Կարդացեք նաև
Երեկ ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը ՀՀ վարչական դատարան ներկայացրեց «Բարեւ Երեւան» դաշինքի հայցադիմումը 2013թ. մայիսի 5-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին: Այս մասին հայտնում են «Բարեւ Երեւան» դաշինքի մամուլի ծառայությունից:
Հայցադիմումը բաղկացած էր 52 էջից եւ ներառում էր Երեւանի 13 ընտրատարածքներից 10-ում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակներ՝ ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի բոլոր տեղամասերի: (13-րդ ընտրատարածքի աղյուսակը ավելի վաղ տարածվել էր լրատվամիջոցներին, այսօր կցվում են 12-րդ եւ 7-րդ ընտրատարածքների աղյուսակները):
Աղյուսակներում ամփոփված տվյալները հաստատող փաստական նյութը Վարչական դատարան է ներկայացվել 9 հատորներով՝ շուրջ հազար էջ ընդահանուր ծավալով:
4-րդ ընտրատարածքի վերաբերյալ հատորը՝ 114 թերթ, 6-րդ ընտրատարածքի վերաբերյալ հատորը՝ 77 թերթ, 7-րդ ընտրատարածքի վերաբերյալ հատորը՝ 134 թերթ, 8-րդ ընտրատարածքի վերաբերյալ հատորը՝ 117 թերթ, 9-րդ ընտրատարածքի վերաբերյալ հատորը 98 թերթ, 10-րդ ընտրատարածքի վերաբերյալ հատորը 65 թերթ, 12-րդ ընտրատարածքի վերաբերյալ հատորը 57 թերթ, 13-րդ ընտրատարածքի վերաբերյալ հատորը 126 թերթ:
Ի տարբերության նախկին ընտրությունները վիճարկած հայցադիմումների եւ դրանց կից դատարաններ ներկայացված փաստական նյութի, ներկա հայցադիմումի ողջ փաստական նյութը քաղված է բացառապես չորս աղբյուրներից՝ ա/ ՏԸՀ գրանացամատյանների պատճեններ, բ/ հատուկ կարծիքների եւ արձանագրությունների պատճեններ, գ/ վերահաշվարկի գործընթացում արձանագրված դիտարկումներ, դ/ Transparency Internatiօnal ՀԿ դիտորդների վկայություններ:
Լրատվամիջոցների հրապարակումներին, ոստիկանության տեղեկանքներին հղումները առանձնացվել են մեկ առանձին հատորում:
«ՏԸՀ-ների շուրջ 80 տոկոսում արձանագրված վարչական ու քրեական պատասխանատվություն ենթադրող ընտրախախտումների պարագայում ԸԸՀ-ների եւ ԿԸՀ-ի կողմից դրանք անտեսելը, եւ ԿԸՀ «12 մայիսի, 2013թ» թիվ 112-Ա որոշման կայացումը վկայում է, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, պարբերական բնույթ, որի պայմաններում խախտվել են ՀՀ
Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները»,- ասված է հայցադիմումում, ինչից ելնելով էլ «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը խնդրել է ՀՀ վարչական դատարանին անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ “2013թ. մայիսի 12-ի” N 112-Ա որոշումը 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունների մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում