Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակին և դեսպանին

Մայիսի 31-ին Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Յաննիս Դրաղասակիսի և Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ: 

Հանդիպման ժամանակ քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների և միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Այս մաիսն հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ ԱԺ փոխնախագահը այս հարցում կարևորեց բարեկամական խմբերի առավել ակտիվ ու արդյունավետ աշխատանքը, պատվիրակությունների փոխայցերի շրջանակներում առարկայական ու կոնկրետ ծրագրերի մշակումն ու դրանց հետևողական իրագործումը:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը եղել և մնում է բոլոր ժողովուրդների հետ խաղաղ գոյակցության կողմնակից: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը, նրա հավաստմամբ, հնարավոր է լուծել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով, և Հայաստանի այս դիրքորոշումը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին:

Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ Յաննիս Դրաղասակիսը բարձր գնահատեց Հայաստանի խաղաղասիրական ու կառուցողական քաղաքականությունը, հատկապես վերջին տարիներին ժողովրդավարական բարեփոխումների ասպարեզում արձանագրած հաջողությունները, ինչը, նրա գնահատմամբ, ավելի լուրջ հիմքեր է ստեղծում երկու եղբայր ժողովուրդների ու պետությունների հետագա համագործակցության ակտիվացման համար: Նա հավաստիացրեց նաև, որ Հունաստանը պատրաստակամ է՝ աջակցելու Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում