Ինչպես են մսխում մեր փողերը

«Հայկական ժամանակն» անդրադարձել է Վերահսկիչ պալատի հրապարակած վերջին հաշվետվություններին, ու գրել. «Վերջին ամենաթարմ հաշվետվությունը վերաբերում է 2012 թ.-ի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում պալատի կատարած ստուգումներին: Բացահայտումները ցնցող են: Այդ ընթացքում պաշտոնավարած նախարար Տիգրան Դավթյանը նոր կառավարության կազմում տեղ չի գտել: Բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Այդ բացահայտումների համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել, իսկ Տ. Դավթյանն էլ ավելի լավ պաշտոն է ստացել. ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից նոր առաջարկ է արվել՝ Դավթյանը լինելու է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչը (նստավայրը Ժնև): Այս ամսվա վերջին նա ընտանիքով կմեկնի ՀՀ-ից»:

Այնուհետ թերթը, հղում անելով ՎՊ հրապարակային հաշվետվությանը, դրանից կոնկրետ չարաշահումների ու բացահայտումների վերաբերող տվյալներն է մեջբերում: Մասնավորապես, «Սկսնակ գործարարների աջակցության» ծրագրի շրջանակներում վարկավորված բազմաթիվ սուբյեկտներ վարկավորվելուց որոշ ժամանակ անց լուծարվել են կամ արդեն չեն գործում: Թերթը նշել է. «Փաստորեն, հսկայական գումարներ են փոշիացվել և չի բացառվում, որ ավելի մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում պարզվի, որ այդ վարկերը ՀՀ պետբյուջեից ստացել են այնպիսի կազմակերպություններ, որոնց հետևում կանգնած են կոնկրետ պաշտոնյաներ: ՀՀ-ում, ըստ ընդունված պրակտիկայի, պատահական մարդիկ նման վարկեր չեն ստանում»: ՎՊ հաշվետվությունից այլ օրինակներ նշելուց հետո, թերթը գրել է. «Սրանք ընդամենը մի քանի փոքրիկ դրվագներ են այն մասին, թե ինչպես են պետական պաշտոնյաները ծախսում հարկատուներիս հաշվին գոյացող ՀՀ բյուջեի գումարները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում