Վթարվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարը. դադարեցվել է մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը

Հունիսի 3-ին, գիշերվա ժամը մոտ 02.00-ին Երևան Ջուր ընկերությունում ստացվել է ահազանգ, որ վթարվել է «Գառնի-Երևան» 700մմ տրամագծով մայրուղային ջրատարը, որով համակարգը ստանում էր վայրկյանում մոտ 1500 լիտր ջուր: Հասկանալու համար, թե դա ինչ ծավալը է, բավական է ասել, որ ներկայումս ընկերությունը սպառում է վայրկյանում մոտ 9000 լիտր: Արդյունքում դադարեցվել է Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների, գրեթե ամբողջությամբ, Կենտրոնի ու Շենգավիթի զգալի մասի, ինչպես նաև մի շարք հարակից գյուղերի ջրամատակարարումը:

Վթարի վայրը գտնվում է Նուբարաշեն-Մասիս ճանապարհից մոտ 0,5 կմ հեռու, խորը ձորակում, ինչը դժվարեցնում է տեխնիկայի մուտքը տարածք ու խոչնդոտում աշխատանքների ընթացքը: Նմանատիպ վթար այստեղ տեղի է ունեցել նաև մոտ 2 տարի առաջ, և գրեթե նույն պատճառով: Վերջերս տեղացած հարդառատ անձրևների պատճառով սողանք է առաջացել: Խոնավացած հողը ցած է սահել և իր հետ «պոկել-տարել» ջրով ծանրացած ու մշտապես հիդրավլիկ ճնշման տակ գտնվող խողովակի վերին հատվածը:

Շնորհիվ ընթացիկ տարվա հունվարից համակարգում գործող «Լոկատոր» համակարգչային տեղեկատվական ծրագրի, վթարը փաստը հայտնաբերվել է շատ արագ՝ արդեն 15 րոպե անց: Իսկ առավոտյան ժամը 07.00-ին Ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության «Գյուղեր» տեղամասի մասնագետները արդեն ձեռնամուխ են եղել խողովակի վերանորոգմանը:

Մեր այցելության պահին տեղում միաժամանակ աշխատում էին 2-3 եռակցողներ իրենց օգնականներով, վթարային բրիգադն ապահովված էր պահանջվող ծախսանյութերով, կենտրոնացվել էր անհրաժեշտ տեխնիկա: Ու թեև վթարների դեպքում նախատեսվում է մինչև 36-ժամյա ջրամատակարարման դադարեցում, «Երևան Ջուր» ընկերության կողմից արվում է հնարավորինս աշխատանքներն արագ ավարտելու ու սպառողների ջրամատակարարումը վերսկսելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում