Մենք չափազանց կարևորում ենք ԵԱՏՄ միասնական շուկայում առկա խոչընդոտների և սահմանափակումների վերացման հարցը. Նիկոլ Փաշինյան

Մենք չափազանց կարևորում ենք ԵԱՏՄ միասնական շուկայում առկա խոչընդոտների և սահմանափակումների վերացման հարցը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը չափազանց կարևորում է Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայում առկա խոչընդոտների և սահմանափակումների վերացման հարցը, ինչպես նաև բիզնեսի համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը` առողջ մրցակցության միասնական կանոնների և լոգիստիկ և տրանսպորտային և հաղորդակցության հնարավորությունների արդյունավետ օգտագործման պայմաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քննարկված հարցերից ես կցանկանայի ընդգծել Եվրասիական ցանցի նախագծի կարևորությունը: Կարծում եմ, որ այն կնպաստի մեր երկրներում արտադրության աճի տեմպերի և արտադրության ծավալների աճին և թույլ կտա ստեղծել գործիքներ միջպետական համագործակցության խորացման համար: Կարևոր է նաև բարելավել միջսահմանային տեղեկատվական փոխգործակցության համապատասխան մակարդակի անվտանգություն ունեցող մեխանիզմները»,– ասաց ՀՀ վարչապետը:

Նա կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է ներդնել տնտեսվարողների անխափան փոխգործակցությունը գործադիր իշխանության հետ ապահովող այնպիսի մեխանիզմ, որի իրականացման ընթացքում գործարարները կկարողանան կիրառել թվային ստորագրությունների ազգային ստանդարտները, իսկ համապատասխան լիազոր մարմինը կապահովի փաստաթղթի իրավազորումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում