Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն»

Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն»

Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն
Եվ ամեն օր քեզ հետ կռիվ ու վեճ ունեմ,
Եվ ամեն օր այնպես տառապում եմ, սե՛ր իմ,
Չէ՞ որ մտածում եմ, որ ես էլ վերջ ունեմ:
Անբնական մի վերջ՝ հիմար մի տագնապից,
Հիմար մի տագնապի անբնական չափից,
Իմ ու այս աշխարհի անբնական կապից,
Ամեն կողմից գլխիս,
Երազներիս թափվող
Անմարդկային ցավից, անմարդկային լափից:
Անբնական մի վերջ, սե՛ր իմ, անբնական,-
Դու, որ կարող էիր թավշե մի ժպիտով
Բոցավառել իմ գորշ ու տաղտկալի ներկան
Եվ որ կարող էիր գուրգուրանքի ստով
Լցնել իմ մեջ կյանքի ուժը տիտանական,-
Դու հեռացար այնպես փափուկ ու բնական,
Այնպես անփութորեն եւ մտերիմ այնքան,
Այնքան մտերմորեն – եւ լուռ, եւ անհուզում,
Որ ես հիմա ցավից խորտակվել եմ ուզում:
Մի՛ տագնապիր, մի՛ լար եւ մի՛ ասա, թե դու
Հետո ճամփաներ ես փնտրել վերադարձի,
Իսկ դու գիտե՞ս ինչ է ցավը խորտակվածի,
Եվ կորուստը՝ արդեն կորուստ տված մարդու:
Պիտի ելնեմ հիմա, մառախուղի միջով
Պիտի գնամ ինչ-որ անհայտ ճամփորդության,
Եվ դա չի լինելու խռովածի տագնապ.
Կամ միամիտ մարդու քմայք անփորձության:
Պիտի գնամ, ի՞նչ կա: Դու էլ պիտի գնաս,
Որպես փափուկ մշուշ, կամ կարոտի մի հով,
Պիտի գնաս մենակ, անվերադարձ, անփույթ,
Սակայն, ավաղ, ուրիշ,
Ուրիշ ճանապարհով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում