ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Հայաստանի դատական համակարգն ունի հեղափոխական բարեփոխումների կարիք, այսօր Ազգային ժողովում անցումային արդարադատության թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա պնդմամբ, տարիներ շարունակ Հայաստանում կայացվել են քաղաքական, նախագահական նստավայրից, կառավարությունից թելադրված վճիռներ: Ընդդիմադիր պատգամավորի համար կարևոր է հարցը` ի՞նչ միջավայրում պետք է կատարվեն դատական բարեփոխումները:
«Այս միջավայրում, երբ կա տոտալ անհանդուրժողականություն մյուսի կարծիքի հանդեպ, երբ նայում ես հասարակական դիսկուրսը, որտեղ հնչում են գիլյոտինի կոչեր, քաղաքական վենդետաների կոչեր, ինչպե՞ս են հնարավոր բերափոխումներ: Դատաիրավական համակարգը պետք է բարեփոխվի, բայց բացառապես օրենքի սահմաններում: Եթե մենք այս ամենը պետք է տանենք նովգորոդյան վեչեի օրինակով, որտեղ Նովգորոդի հրապարակում կնյազ Յուրիկի հրահանգով ժողովրդի անունից քաղաքական գիլյոտիններ էին կախվում ապա մենք շատ ավելի վատ արդյունք ենք ունենալու», – հայտարարեց Զոհրաբյանը:
Նա վերահաստատեց իր հայտարարությունները՝ նշելով, որ չի հավատում նախկին համակարգի դատավորների վերափոխմանը, սակայն նաև նշեց, որ հանդուրժողական մթնոլորտում պետք է իրականացվեն փոփոխությունները: