«Լոռեցի Սաքոն»՝ համազգայինցիների մեկնաբանությամբ. Թատրոնում առաջնախաղ էր

«Լոռեցի Սաքոն»՝ համազգայինցիների մեկնաբանությամբ. Թատրոնում առաջնախաղ էր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը, որի գլխավոր հերոսը` Սաքոն, նանի սարսափելի ու սնահավատ պատմությունների ազդեցության ներքո խելագարվում է, բեմադրական հետաքրքիր լուծումներով ներկայացվեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյա հոբելյանին նվիրված բեմադրության առաջնախաղը տեղի ունեցավ հուլիսի 29-ին: Այն արժանացավ թատերասերների հոտնկայս ծափահարություններին և «բրավո» վանկարկումներին:

Ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը առաջնախաղից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախընտրել է բեմադրել այդ ստեղծագործությունը, քանի որ այն շատ թատերական է: Բացի այդ, ռեժիսորն անհրաժեշտ է համարել օգտագործել թատրոնի տնօրեն և դերասան Արման Նավասարդյանի ներուժը, որը հրաշալի կերտեց լոռեցի Սաքոյի կերպարը և հանդես եկավ պատմիչի դերում:

«Այս գործը շատ արդիական է: Երբ տեսնում եմ, թե մուլտֆիլմերի, համակարգչային տարբեր խաղերի միջոցով երեխաներին ինչ են փոխանցում, մտահոգվում եմ: Ի՞նչ ենք մենք տալիս նրանց, և ի՞նչ ենք ակնկալում ստանալ: Թումանյանի հերոսը խելագարվում է նանի սարսափելի պատմությունների շնորհիվ: Պետք է մտածել այդ մասին»,-նշեց Գրիգորյանը:

Բեմադրիչն անդրադարձավ նաև ներկայացման մեջ հնչող երաժշտությանն ու ընդգծեց, որ համագործակցել է «Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբի ֆլեյտահար, կիթառահար, բեք վոկալիստ, «Թմբաթա» խմբի հիմնադիր Արիկ Գրիգորյանի հետ: «Լոռեցի Սաքոն» ներկայացման ընթացքում հանդիսատեսը դերասանների կատարմամբ ունկնդրում է նաև Նարեկացու, Կոմիտասի, Կարա-Մուրզայի, Կանաչյանի երգերը:

Արման Նավասարդյանն էլ շեշտեց, որ բնավ բարդ չէր մարմնավորել Սաքոյին, մարդու, որն ապրում ու շնչում է լեռներում, քանի որ ինքը նույնպես բնության, սարերի, ձորերի, մոլեգնած գետի ծնունդն է, մեծացել է այդ միջավայրում:

Առաջնախաղից հետո դերասանին մոտեցավ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանն ու ասաց, որ Նավասարդյանը դերասան չէ, այլ` արտիստ, որի համար չկան սահմաններ: Գլխավոր դերակատարին ջերմ խոսքեր ուղղեց նաև բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը:

«Դավիթ Հակոբյանն իմ ուսուցիչն է, իմ վարպետն է, և ինձ համար հուզիչ է նրա գնահատականը. ասես ականջս քաշի, հիշեցնի, որ իրավունք չունեմ վատ բան անել ու պետք է պահեմ նշաձողը, որը սահմանել եմ», – շեշտեց նա:

Արման Նավասարդյանից բացի ներկայացման մեջ զբաղված են Տաթև Ղազարյանը, Ալլա Սահակյանը, Արմինե Անդրեասյանը, որոնք հնարավորություն ունեցան բեմադրության շրջանակում ներկայացնել իրենց պարային ու ձայնային տվյալները:

Բեմի ձևավորումն իրականացրել է Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը, խմբավարը Մարինե Գրիգորյանն է, պլաստիկան` Յուրի Կոստանյանի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում