Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կյանքի 82-րդ տարում վախճանվեց ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը՝ մեծանուն հայագետ Մանուկ Աբեղյանի թոռը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքից և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտից՝ հավելելով, որ Հասմիկ Աբեղյանի հոգեհանգիստը կկայանա օգոստոսի 9-ին, ժամը 18.00-20.00-ը Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ օգոստոսի 10-ին Կորյունի 6 ա շենքից, ժամը 13.00-ին:
«1959թ. ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, Հասմիկ Աբեղյանն աշխատանքի է անցնում Գիտությունների Ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի բնագրագիտության բաժնում՝ իր մասնակցությունը բերելով Ռաֆայել Պատկանյանի, Դերենիկ Դեմիրճյանի և Մանուկ Աբեղյանի երկերի լիակատար ժողովածուների գիտական հրատարակությանը:
1973թ. թեկնածուական ատենախոսություն է պաշտպանում ‹‹Ավետիք Իսահակյանը և ժողովրդական էպոսը›› թեմայով:
1980-ական թվականներից Հասմիկ Աբեղյանը ամբողջապես նվիրվում է Հովհաննես Թումանյանի 10 հատորով երկերի լիակատար ժողովածուի կազմման աշխատանքին, որի ավարտից հետո մասնակցում է Թումանյանի կյանքի և ստեղծագործության քառահատոր տարեգրության կազմմանը:
Բնությունը նրան օժտել էր նաև դերասանական ձիրքով: 1960 թվականից լինելով թատերական գործիչների միության անդամ, մոտ երեք տասնամյակ Հայկական հեռուստատեսության մանկապատանեկան հաղորդումների բաժնում և ‹‹Հայֆիլմ›› ստուդիայում մասնակցել է տարբեր դերերի ձայնագրմանը և հայկական ֆիլմերի ու մուլտֆիլմերի հայերեն կրկնօրինակմանը, որոնցից հայտնի է հատկապես ‹‹Պինգվին Վինը››:
2015թ. լույս տեսավ նրա ստեղծագործական անցած ուղու հանրագումարը եղող ‹‹Օրերս ինձ հետ են›› հուշագրությունը, իսկ 2017թ. ‹‹Համբուրգյան մտորումներ››՝ Գերմանիայից ստացված տպավորությունների գրքույկը:
Հասմիկ Աբեղյանը կյանքից հեռացավ որպես պատգամ թողնելով գիտության աբեղյանական ավանդները և չափանիշները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում