Վահագն Չախալյանը դատի է տվել Միխայիլ Սահակաշվիլուն
Նմանատիպ
Ջավախքահայ գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը հայց է ներկայացրել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլու, Սամցխե-Ջավախքի նախկին մարզպետի ու պատգամավոր Գոգա Խաչիձեի դեմ: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Վ. Չախալյանը:
Վ. Չախալյանը նշեց, որ ինքը պահանջում է հրապարակային ներողություն խնդրել իր մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար: Հարցին, թե փոխհատուցման պահանջ կա՞ հայցում, Չախալյանը պատասխանեց, որ փաստաբանները նաև մոտ 22 մլն լարի փոխհատուցոման պահանջ են ներկայացրել:
Վ. Չախալյանը նշեց՝ հույս չունի, որ Մ. Սահակաշվիլին իրենից ներողություն կխնդրի, և գնալու է մինչև վերջ:
Ինչպես գրում է Hetq.am-ը, դեկտեմբերի 2-ին Վրաստանի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն, երբ խոսել էր քաղբանտարկյալների ցուցակի մասին, անդրադարձել էր Սամցխե-Ջավախքից ցուցակում ընդգրկված մի անձի, ով իբրև թե ահաբեկել է վրացական եկեղեցու թեմի ներկայացուցչին, կատարել է նաև այլ հանցագործություններ, այդ թվում՝ հարձակվել և ֆիզիկական բռնություն է կիրառել վրացի կրոնավորի նկատմամբ:
Վերջինիս վիճակն այնքան վատ է եղել, որ նրան տեղափոխել են հիվանդանոց: Վրաստանի «Մարդու իրավունքների կենտրոնը», որի ներկայացուցիչն է նաև Վ. Չախալյանի փաստաբան Նինո Ադրիաշվիլին, դիմել էր գլխավոր դատախազին՝ Դ. Բաքրաձեի անպատասխանատու հայտարարությունն ուսումնասիրելու և զրպարտության փաստի վերաբերյալ նրան հարցաքննելու, Բաքրաձեի հայտարարության իսկությունը չապացուցվելու դեպքում՝ նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Սակայն, ինչպես «Հետքին» հայտնեց Վահագն Չախալյանը, դատախազությունն այս դիմումը վարույթ չի ընդունել, և այժմ իրենք դատական ճանապարհով են փորձում պատասխանատվության ենթարկել վերոնշյալ անձանց, ովքեր անհիմն հայտարարություններ են արել՝ իրենց այլ հանցագործություններում մեղադրելով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում