Գևորգ Գրիգորյան. ՔՊ նիստում քննարկել են Թորոսյանի հետագա պաշտոնավարման հարցը

Գևորգ Գրիգորյան. ՔՊ նիստում քննարկել են Թորոսյանի հետագա պաշտոնավարման հարցը

ԵՐԵՎԱՆ, 05 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագհ Գևորգ Գրիգորյանին ահազանգել են չորս տարբեր բժշկական կենտրոններից, հայտնել, որ նախարարությունից իրենց զանգահարում են, պարտադրում գովեստի խոսքեր հասցեագրել նախարար Արսեն Թորոսյանին։

«Խնդիրն այն է, որ այդ փաստերը պետք է հրապարակեն ահազանգողները։ Եթե նրանց պարտադրել են կարծիք գրել, ապա կարող են վաղն էլ աշխատանքից ազատել։ Դրա պատճառով է, որ նրանք չեն բարձրաձայնում կատարվածի մասին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ այսօր նախարարն անխնա կերպով օգտագործում է վարչական լծակները։

Գրիգորյանը խնդրի մասին բարձրաձայնել է նաև ֆեյսբուքյան էջում, ասում է՝ հրապարակայնացրել է՝ ցույց տալու, որ բոլորն էլ կարող են բարձրաձայնել խնդիրն ու պաշտպանել սպիտակ խալաթի արժանապատվությունը։

«Նախարարները գալիս են ու գնում, բուժկենտրոններն ու բժիշկները մնում են։ Եթե այսօր մեկը հագնում է կոստյում ու զբաղեցնում է նախարարի բազկաթոռը, դա նրան իրավունք չի տալիս փորձել ինքնահաստատվել պրակտիկ բժիշկների վրա կամ փորձել նրանց որևէ բան պարտադրել»,-ասաց ՀԿ նախագահը՝ հիշեցնելով, որ նախարարները ոչ թե իշխելու, այլ ծառայելու համար են։

Գրիգորյանը կարծում է, որ նախարարները պետք է ականջալուր լինեն մասնագիտական հանրության խորհուրդներին։

«Այսօրվա նախարարն այդպես չի անում, քանի որ սեփական վարկանիշն ու միշտ ճիշտ լինելու մոլուցքը ավելի մեծ տեղ է զբաղեցնում իր մոտ, քան մասնագիտական հանրության տված խորհուրդները կամ մարդկանց առողջությունը։ Այդ պատճառով է, որ նրա շատ քայլեր չեն ընդունվում մասնագետների կողմից։ Արդեն մեկ տարի է՝ ես բարձրաձայնում եմ այդ մասին։ Սակայն այսօր դրա մասին բարձրաձայնում են ոլորտի բազմաթիվ մասնագետներ, համացանցը ողողված է ուղիղ եթերներով ու քննադատություններով։ Սա վկայում է այն մասին, որ այդ մարդն ընդունված չէ՝ որպես նախարար բժշկական հանրության կողմից»,-ասաց նա։

Գրիգորյանին հասած տեղեկությունների համաձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն կայացած նիստում էլ բուռն քննարկում է եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության մասին։

«Վկայակոչել են նախարարի թույլ տված արտահայտությունները, օրինակ, 50 հաշմանդամ զինվորները հաշմանդամ էլ մահանալու են։ Նրան ասել են՝ վարկանիշի, հետագա պաշտոնավարման հետ կապված խնդիրներ կան։ Նշել են, որ բացառված չէ նախարարի փոփոխություն։ Իմ կարծիքով, հենց դրա հետևանքով է պարտադրան եղել, որ գրվեն ստատուսներ ու տրվեն հարցազրույցներ։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ մինչ այս որևէ բուժկենտրոնի ղեկավար նախարարին գովերգող ստատուսով կամ հարցազրույցով հանդես չի եկել»,-նշեց նա։

Զրուցակցի խոսքով, ՔՊ նիստից հետո «նախարարին» ասել են, որ պետք է վերականգնի իր «բարի անունը» ու «լավ համբավը», այլապես նրան կփոխեն:

«Սակայն պետք է ունենալ այդ բարի համբավը, որպեսզի կարողանան վերականգնել» ասաց նա։
Ասոցիացիայի ղեկավարը պնդում է, Թորոսյանը չի հասկանում առողջապահության համակարգից, նրա նախաձեռնած ծրագրերը ռազմավարական առումով որևէ հարց չեն լուծում, դրանք իրավիճակային են։

«Մեզ նման երկրներում, որոնք պատերազմական երկրներում, երբ քաղցկեղի պատճառով մահացության բարձր մակարդակ կա, պետք է ոչ թե տնօրենների փոփոխություն, ընդ որում կայացած տնօրեններին դրածոներով փոխել, այլ ռազմավարական լուրջ ծրագրեր»,-ընդգծեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում