Անյա Լեխներ. «Տիգրան Մանսուրյանը մեր ժամանակների ամենակարևոր կոմպոզիտորներից է»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սեպտեմբերի 5-ին «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրել է Տիգրան Մանսուրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես է եկել թավջութակահար Անյա Լեխները, ջութակահար Անուշ Նիկողոսյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը։ Այս մասին հայտնում են սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից։
Անյա Լեխները նշել է, որ ինքը մաեստրո Մանսուրյանի երաժշտության հետ շփվում է 2003 թվականից՝ տարբեր անսամբլների, նվագախմբերի հետ կատարելով նրա ստեղծագործությունները՝ գրված թավջութակի համար։
«Մանսուրյանական արվեստին ծանոթանալու առաջին իսկ պահից նրա երաժշտությունը հուզել է ինձ, եղել հոգեհարազատ, և ես կարծում եմ, որ նա մեր ժամանակների ամենակարևոր կոմպոզիտորներից է»,- ասել է Անյա Լեխները։
Երաժշտագետները նշում են, որ Տիգրան Մանսուրյանը միշտ հավատարիմ է իր ստեղծագործական սկզբունքներին, նրա համար կարևորագույնը եղել են կոմիտասյան ավանդույթները, ազգային հիմքը, և նա կարողացել է այդ ավանդույթները շատ ինքնատիպ կերպով դրսևորել իր ստեղծագործություններում։
Նշենք, որ «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում