«Փաստ». Փաշինյանը սկսել է գրեթե բոլորից գաղտնի պահել անգամ իր այցերի օրակարգը
Նմանատիպ
««Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում առավել անկանխատեսելի է դարձել ու անակնկալ որոշումներ է կայացնում ոչ միայն քաղաքական առումով, այլև նույնիսկ իր աշխատանքային օրվա կազմակերպման տեսանկյունից:
Ըստ տեղեկությունների՝ Փաշինյանը սկսել է գրեթե բոլորից գաղտնի պահել անգամ իր այցերի օրակարգը, և երբեմն նույնիսկ անվտանգության աշխատակիցները միայն վերջին պահին են իմանում, թե ուր է գնում երկրի վարչապետը՝ լինի մարզային այց, թե ինչ-որ անձնական հանդիպում: Արդյունքում ոչ միայն անվտանգության, այլև արարողակարգի պատասխանատուներն էլ են նման դեպքերում լարված վիճակում լինում: Ավելին՝ տեղեկություններ կան, որ անգամ պլանավորված այցի գրաֆիկն է երբեմն փոխվում վերջին պահին, մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ, այդպես է եղել Ջերմուկ կատարած վերջին այցի ժամանակ:
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին:
«Որևէ անակնկալ փոփոխություն չի լինում: Ամեն բան համաձայնեցվում է, արարողակարգը նախօրոք իմանում է, և փոփոխությունների մասին խոսելն ավելորդ է: Այլ բան է, որ որևէ այցի ժամանակ վարչապետը կարող է մեքենան կանգնեցնել, դուրս գալ հանդիպման, շփվել բնակչության հետ: Նման բաներ կարող են տեղի ունենալ, իսկ առհասարակ, իր ծրագիրը նախօրոք հաստատվում է, և գործում է նախօրոք հաստատված ծրագրի համաձայն»,-ասաց Կարապետյանը»,- գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում