Արտոնություն տրվեց 254 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման ծրագրին

Արտոնություն տրվեց 254 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման ծրագրին

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմփաուեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2019 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը Կառավարությունը հետաձգեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը նշեց, որ «Արմփաուեր»-ը նախատեսում է կառուցել և շահագործել 254 ՄՎտ հզորությամբ նոր համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան։

«Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 124 մլրդ դրամի չափով ներդրում՝ արդիական սարքավորումներ ձեռք բերելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Քամալյանը։

Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 704 նոր աշխատատեղ` 256.4 հազ. դրամ միջին աշխատավարձով (կառուցման շրջանում) և 106 աշխատատեղ՝ 545. 4 հազ. դրամ միջին աշխատավարձով (շահագործման ընթացքում):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում