Մերժում ստանալուց հետո Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գրավով ազատ արձակել նրան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը, դատարանի մերժումն ստանալուց հետո, նախկին նախագահի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ մեկ այլ միջնորդություն ներկայացրեց՝ այս անգամ դատարանին խնդրելով որպես խափանման միջոց կիրառել գրավ։
Միջնորդությունը դատարանին ներկայացնելիս պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշեց, որ գրավի չափը կարող է որոշել դատարանը։ Մինչ միջնորդությունը ներկայացնելը Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ նման միջնորդությու ավելի վաղ ներկայացվել է, բայց արդեն երեք ամիս է՝ դատարանը չի անդրադարձել դրան՝ այդպիսով խախտելով Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը։
«Մենք գտնում ենք, որ դատավարության այս փուլում պարոն Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու համար անհրաժեշտ հիմքերը բացակայում են», – հայտարարեց Խուդոյանը։
Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը մշտապես հրավիրվել ու ներկայացել է նախաքննական մարմին, չի խուսափել իրավապահներին ներկայանալուց։
«Պարոն Քոչարյանը արտերկրից եկել է Հայաստան, ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, մասնակցել դատավարական գործողություններին։ Երբևէ գործի քննությանը խոչընդոտելու փաստարկ ոչ քննիչը, ոչ էլ դատախազը չեն կարողացել ներկայացնել», – նշեց Խուդոյանը։ Նա ընդգծեց, որ ազատության մեջ գտնվելիս Քոչարյանը չի խոչընդոտել քննչական գործողություններին։
Նկատենք, որ ավելի վաղ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել էր Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել և անհապաղ ազատ արձակել նրան։ Դանիբեկյանի նախագահությամբ դատարանը մերժել էր այդմիջնորդությունը։ Պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել՝ հիմքում ունենալով Սահմանադրական դատարանի՝ սեպտեմբերի 4-ին կայացրած որոշումը։
Այդ որոշման համաձայն, հիշեցնենք, ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչվել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում