Սահմանադրագետ. Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատել-չազատելը որոշում է միայն Սահմանադրական դատարանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ի պատասխան լրագրողի հարցին ոչ հեռավոր անցյալում խոստովանել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի հարցն իր իրավասության ներքո չէ։ Նա այդ հայտարարությունն արեց հենց Հրայր Թովմասյանի կողքը կանգնած, նրա ներկայությամբ։ Ճակատագրի հեգնանքով, մի քանի օր առաջ հենց Արարատ Միրզոյանը դարձավ ՍԴ-ի ու դրա նախագահի շուրջ ծավալվող գործընթացի նախաձեռնող։
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ Միրզոյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը թող քաղաքական գործիչներն անդրադառնան, իսկ ԱԺ-ում հնչեցրած ելույթի մասին ինքը կխոսի։
«Սահմանադրական դատարանի վերջին որոշման վերաբերյալ ոչ միայն Ազգային ժողովի նախագահի, այլև վարչապետի հայտարարություններն անօրինական են։ Նրանք ՍԴ որոշմանը քաղաքական գնահատական տվեցին՝ այն որակելով անարդար, դժբախտություններ ծնող և այլն։ Պետք է կրկնեմ ու ընդգծեմ՝ մենք ունենք Սահմանադրություն, օրենքներ և պետք է առաջնորդվենք դրանցով։ Հիմա Սահմանադրությունն ասում է՝ ՍԴ որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, վերջնական են ու վերանայման ենթակա չեն, ոչ ոք իրավունք չունի քաղաքական գնահատական տալ Սահմանադրական դատարանի որոշումներին, այդ թվում նաև կառավարության խնդիրը»,-շեշտեց Վարդան Այվազյանը։
Սահմանադրագետի խոսքով, խնդիրն այլ կլիներ, եթե վարչապետ դառնալուց անմիջապես հետո՝ որպես հեղափոխության արդյունք Փաշինյանը դադարեցներ «նախկին ռեժիմի» կողմից ընդունված Սահմանադրությունն ու իրավական համակարգը։
«Բայց միաժամանակ նա պետք է ունենար Սահմանադրության որակյալ նախագիծ ու ներկայացներ հանրության հաստատմանը՝ հանրաքվեով ընդունմանը։ Այդ դեպքում և Սահմանադրական դատարանի անդամներին աշխատանքից ազատելը կլիներ օրինաչափ ու հեղափոխության տրամաբանությամբ։ Բայց «նախկին ռեժիմի» Սահմանադրության ընթացակարգերով ինքը դարձավ վարչապետ, անգամ Սահմանադրությունը չխախտելու համար թատերականացված ներկայացումներ եղան, հիշում եք, թեկնածու չառաջադրել, չքվեարկել և այլն։ Նույն Սահմանադրության ու «նախկին ռեժիմի» ընդունած Ընտրական օրենսգրքի տրամաբանությամբ էլ տեղի ունեցան ԱԺ ընտրությունները։ Այսօր էլ դրանք ամբողջությամբ աշխատում են նախկին իշխանությունների ստեղծած իրավական համակարգի շրջանակում։ Բնականաբար, այս տրամաբանությունից ելնելով՝ ոչ ոք իրավունք չունի քաղաքական գնահատական տալ Սահմանադրական դատարանի որոշումներին։ Ինչ եմ ուզում ասել՝ գնացքն արդեն գնացել է, այդ քաղաքական գնահատականները պետք էր տալ հենց սկզբում, իսկ հիմա բոլորը պարտավոր են սրբորեն ենթարկվել գործող օրենքներին ու Սահմանադրությանը, որևէ քայլ անգամ չշեղվել»,-ասաց նա։
Հարցի՞ն, թե ինչու հենց այս պահին հարցն օրակարգ բերվեց, Այվազյանը չցանկացավ պատասխանել, ասում է՝ քաղաքական գնահատական է։
«Ես չգիտեմ՝ ով ինչ քաղաքական նպատակներ, հեռակա պլաններ ունի, դա քննարկելը իմ խնդիրը չէ։ Պարզապես ես արձանագրում եմ, որ նման հայտարարությունները, գործողությունները հակասում են Սահմանադրությանն ու օրենքներին։ Անօրինական ու հակասահմանադրական գործողությունները թե ինչ նպատակով են արվում, դա արդեն այլ հարց է, չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ այդ նպատակները»,-ընդգծեց սահմանադրագետը։
Անդրադառնալով ՍԴ նախագահի պաշտոնանկության իրավական հիմքերին՝ Վարդան Այվազյանը մանրամասնեց, դրանք նախատեսված են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով ու ԱԺ կանոնակարգով։
«Երբ նայում ենք իրավական հիմքերը, դրանցից տրամաբանորեն պաշտոնանկության համար հնարավոր է կիրառել միայն էական կարգապահական խախտման հիմքը։ Եթե նմանատիպ հիմքեր ունեն, ապա ԱԺ-ն՝ պատգամավորների 3/5-ով դիմում է Սահմանադրական դատարանին։
Վերջին խոսքի իրավունքն այստեղ կրկին Սահմանադրական դատարանինն է, այսինքն ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնում է բացառապես Սահմանադրական դատարանը։ Հիմա ԱԺ-ն ընդամենն իրավունք ունի էական կարգապահական հիմքերը ներկայացնել ՍԴ քննարկմանը։ Իսկ Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատել-չազատելը որոշում է միայն Սահմանադրական դատարանը»,-ասաց Վարդան Այվազյանը՝ ընդգծելով, որ հետագա բոլոր քննարկումները լինելու են այդ հիմքերի հիմնավորված, տրամաբանական լինելը-չլինելու շուրջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում