Մտքեր անկախության մասին

Մտքեր անկախության մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ-ում անկախության վերաբերյալ տեսակետները երկու մասի են բաժանվում: Մարդկանց մի խումբ անկախությունը նույնականացնում է պետության միջազգային ճանաչման և տարբեր երկրներում դեսպանատներ բացելու հետ: Այսինքն, հիմքում դրվում է ոչ թե անկախության բովանդակությունը, այլ ինքնիշխան լինելու ֆորմալ ճանաչումը։ Մյուս խումբն էլ համարում է, որ իրավական մասն ընդհանրապես կարևոր չէ, և Հայաստանը իրականում անկախ չէ:

Երկու մոտեցումներն էլ ծայրահեղ են: Իրականում անկախությունը բացարձակ չէ անգամ գերտերությունների պարագայում: Բոլոր պետություններն էլ այս կամ այն չափով գտնվում են այլոց հետ փոխազդեցության և փոխկախվածության մեջ, և որքան ավելի շատ ազդում են և ավելի քիչ ազդվում, այնքան ավելի ինքնուրույն են համարվում: Ավելին, անկախության բովանդակությունը պատմական տարբեր ժամանակահատվածներում տարբեր կերպ է ընկալվում: 17-րդ դարի Վեստֆալյան աշխարհակարգում ինքնիշխանությունը մեկ բան էր, իսկ 21-րդ դարի գլոբալիզացվող աշխարհում՝ ամբողջությամբ այլ:

Սակայն, ի վերջո, կարևորն այն է, թե ինչպիսի բովանդակություն է առկա անկախության գաղափարի տակ: Ինքնիշխանությունը չի կարող ինքնանպատակ լինել: Այն ճանապարհ է և գործընթաց, որի միջոցով քո իղձերը կարող ես իրագործել: Եթե անկախությունը լցված չէ ժողովրդի բարեկեցությամբ, արտաքին աշխարհում քո շահերով առաջնորդվելու հնարավորությամբ, ի՞նչ արժեք կարող է այն ներկայացնել:  Օրինակ, Հս. Կորեան ավելի ինքնուրույն է ու անկախ, քան Դանիան, որը ԵՄ-ից տնտեսական կախվածության մեջ է գտնվում: Բայց վստահաբար Դանիան մարդկանց համար առավել ցանկալի երկիր է, քան Հս. Կորեան: Կամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիան լիարժեք հայտնվել էր ԱՄՆ-ի օկուպացիայի տակ, սակայն իր ինքնիշխանության կորուստը նա լցրեց այնպիսի բովանդակությամբ, այնպիսի տնտեսական զարգացմամբ, որին շատ ինքնիշխաններ երանի կարող էին տալ։ 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունն իր չափի և ներուժի համեմատ ինքնիշխան պետություն է՝ ոչ միայն ֆորմալ, այլև փաստացի ձևով:  Մեր պետությունը ստեղծվել է ֆիզիկական անվտանգության խնդրի պայմաններում, և քանի դեռ ՀՀ-ն կարողանում է ապահովել հայաստանցիների անվտանգությունը, կարող ենք ասել, որ մեր ինքնիշխանությունը ունի բովանդակություն։

Մենք հաջողված պետություն ենք, քանի որ հարավկովկասյան պետություններից միակն ենք, որն անկախության ընթացքում տարածքային ընդլայնում է ունեցել: Ավելին, Վրաստանն ու Ադրբեջանը ցավոտ տարածքային կորուստներ են ունեցել: Մեր քաղաքական համակարգն ավելի առաջադեմ է, քան հետխորհրդային պետությունների գերակշիռ մեծամասնությունը: Այն լիարժեքորեն ժողովրդավարական չէ, սակայն հեռու է նաև Ադրբեջան կամ Բելառուս լինելուց։ Մենք ունենք պետական ապարատ, որը երկրում տեղի ունեցող վերջին շրջադարձային փոփոխությունների օրերին ոչ մի վարկյան չերերաց: Երեք տասնամյակի համար մենք վստահաբար կայացած պետություն ենք:

Իհարկե, մենք կարող էինք ավելի լավն ունենալ: Բայց ու՞մ հետ ենք մեզ համեմատում: Բնականաբար, չարժե համեմատվել, օրինակ, Մեծ Բրիտանիայի հետ, քանի որ երբ 17-րդ դարում բրիտանացիները խորհրդարան էին ստեղծում, մենք ոչ միայն պետություն չունեինք, այլև հազիվ վերականգվում էինք Շահ Աբասի կազմակերպած տեղահանությունից: Եվ երբ մենք ունեցանք մեր պետությունը և ստեղծեցինք խորհրդարան, Բրիտանիան արդեն հազարամյա պետականություն և երեքհարյուրամյա խորհրդարանական կյանքի փորձ ուներ: Իսկ որ պետության հետ իրապես խելամիտ է համեմատվել, ապա մենք շահեկան դիրքերում ենք…

Դավիթ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ

Հետևեք մեզ նաև Telegram-ում