Երվանդ Մանարյանին և Միխայիլ Պիոտրովսկուն կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

Երվանդ Մանարյանին և Միխայիլ Պիոտրովսկուն կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorma.am: Երևան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ, թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին շնորհվելու է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Որոշման նախագիծն ընդգրկված է հոկտեմբերի 8-ին կայանալիք Երևանի ավագանու նիստի օրակարգում։

Մեկ այլ նախագծով առաջարկվում է Երևան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ, հայկական մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, համաշխարհային մշակութային արժեքների պահպանման գործում ունեցած ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Էրմիտաժ թանգարանի գլխավոր տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թ. օգոստոսի 10-ին, Արաքում։ 1946թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ 1957-1959թթ. եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988թ.-ից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1959-1961թթ. որպես գեղարվեստական ղեկավար աշխատել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիրգեղարվեստական ղեկավար։ Աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Անվանի դերասան, սցենարիստ և ռեժիսոր Երվանդ Մանարյանը գրել է բազմաթիվ սցենարներ՝ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար, ինչպես նաև հրատարակել է մի շարք պատմվածքներ և հոդվածներ: 2005թ. Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ կոչումը, 2018թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

Միխայիլ Բորիսի Պիոտրովսկին ծնվել է 1944թ. դեկտեմբերի 9-ին Երևանում՝ ակադեմիկոս, Պետական Էրմիտաժ թանգարանի տնօրեն, հնագետ Բորիս Պիոտրովսկու և հայուհի Հռիփսիմե Ջանփոլադյան-Պիոտրովսկու ընտանիքում: 1961-1967թթ. սովորել է Լենինգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բանասիրության բաժնում: 1965-1966 թթ. վերապատրաստվել է Կահիրեի համալսարանում: 1967-1991թթ. աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում, ավարտել է ասպիրանտուրան և զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 1973-1976թթ. աշխատել է Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցում՝ որպես թարգմանիչ և ուսուցիչ: Հոր՝ Բորիս Պիոտրովսկու մահից հետո, Միխայիլ Պիոտրովսկին 1991թ. հրավիրվել է Պետական Էրմիտաժ՝ որպես գիտական աշխատանքների գծով տնօրենի առաջին տեղակալ, իսկ 1992թ. հուլիսին ՌԴ կառավարության որոշմամբ նշանակվել է Պետական Էրմիտաժի տնօրեն և մինչ օրս ղեկավարում է այն: 2003թ. հանդիսանում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի թանգարանային գործի և հուշարձանների պահպանության ամբիոնի վարիչ: 2011թ. ղեկավարում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Հին Արևելքի բաժինը, 2013թ.՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետի դեկան: Միխայիլ Պիոտրովսկին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահության, ՌԴ մշակույթի նախարարության խորհրդի և Սանկտ Պետերբուրգի գիտական կենտրոնի, Հումանիտար գիտությունների ակադեմիայի գործող և Գերմանիայի հնագիտական ինստիտուտի թղթակից և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ռուսաստանի կոմիտեի անդամ է, Ռուսաստանի թանգարանների միության նախագահն է: Նա գրականության և արվեստի բնագավառում ՌԴ նախագահի մրցանակի դափնեկիր է, պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանով և Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանով: Հաշվի առնելով Միխայիլ Պիոտրովսկու սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Միխայիլ Պիոտրովսկին 2008 թվականին ընտրվել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Միխայիլ Պիոտրովսկին համագործակցում է ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ` բարելավման ու կատարելագործման մշակութաբանական և նյութագիտական փորձաքննությունների բնագավառում և իրականացնում փորձի փոխանակում: Ավելի քան 250 աշխատությունների հեղինակ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում