Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները Երեւանի փողոցներում իրազեկման երթի են դուրս եկել. Ուղիղ

Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները Երեւանի փողոցներում իրազեկման երթի են դուրս եկել. Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, News.amՆախորդ շաբաթվանից դասադուլ հայտարարած՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդական միության անդամներն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի շենքի մոտից սկսեցին իրենց իրազեկման երթը Երեւանի փողոցներով:

Երիտասադները, որ պահանջում են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, պատրաստվում են երթով անցնել պետական բուհերի մոտով եւ ուսանողներին կոչ անել միանալ իրենց: Երթը կավարտվի նախարարության շենքի մոտ, որտեղ դաշնակցական երիտասարդները շարունակում են օրեր առաջ սկսած նստացույցը նույն պահանջով:

Սա ցուցարարների երկրորդ նմանօրինակ երթն է: Նախօրեին նույնպես նրանք նույն երթուղիով հասան նախարարության շենքի մոտ, այնտեղ հանրահավաք անցկացրին: Նրանց էին միացել նաեւ «ԿԱՄՔ», «Ադեկվադ», «ՎԵՏՈ» շարժումները: Նստացույցի մասնակիցները, որ քնապարկերով են նախարարության շենքի առջեւ, երեկ գիշերել են այնտեղ:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ին դասադուլ էին հայտարարել՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: Դրան հաջորդող օրը երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետեւ երթով շարվեցին դեպի նախարարությունների շենք եւ այնտեղ նստացույց հայտարարեցին: Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն՝ առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից բերել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում