Սերգո Կարապետյանը իրեն չկալանավորելու դիմաց Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել

Սերգո Կարապետյանը իրեն չկալանավորելու դիմաց Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա:

«Սարգսյանին մեղադրում են ինչ-որ ծառայողական դիզելի չեկերի վատնման մեջ: Հենց հիմա որոշում են կալանավորեն, թե ոչ»,-գրել է Դանիելյանը:

Aysor.am-ը մեկնաբանություն ստանալու նպատակով զանգահարեց Հատուկ քննչական ծառայություն, որտեղից նշեցին, թե կպատասխանեն քիչ ավելի ուշ։

Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՔԾ-ում Սերգո Կարապետյանի առջև պայման են դրել՝ կա՛մ պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ, կա՛մ իրեն կկալանավորեն: Ըստ նույն աղբյուրի, Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել և իրավապահներից իրեն չկալանավորելու երաշխիքներ է ստացել:

Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը 2019թ. հունիսի 10-ին գրել էր, որ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել:

Համաձայն կայքի՝ ՀՔԾ աղբյուրի, քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ:

Pastinfo-ն էլ գրում է, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում