«Արի տուն» ծրագրին մասնակցում են 10 երկրնեից ժամանած հայ երիտասարդներ

ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկեց «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլը: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը բացման խոսքում նշեց, որ երկրորդ փուլին մասնակցում են 96 երիտասարդներ 10 երկրներից: «Այս հայրենաճանաչողության ծրագիրը բավական մեծ արձագանքներ է ստացել»,- ասաց նա:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանի խոսքով’ ծրագրի լավագույն արձագանքն այն է, որ երիտասարդներից շատերը ցանկանում են ծրագրին մասնակցել նաեւ երկրորդ անգամ: «Դուք կլինեք մեր դեսպանները ձեր երկրներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Սփյուռքի նախարարի տեղակալը:

Հունիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի 2013թ առաջին փուլի բացումը:

Ծրագրի ընթացքում սփյուռքահայ երիտասարդներին հյուրընկալել են Երևանի վարչական շրջանները, ինչպես նաև երևանամերձ Կոտայքի, Արարատի մարզերի, Եղվարդ, Բյուրեղավան, Մասիս քաղաքները:

«Արի տուն» ծրագիրն այս տարի իրականացվում է հունիսի 16-ից օգոստոսի 31-ը՝ 8 փուլով: Այս տարի ծրագրի մասնակիցների համար կազմակերպվելու են հայոց լեզվի արագացված դասընթացներ, որոնք անցկացվելու են Ստեփան Շահումյանի անվան դպրոցում: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ծրագիրն ունի 4-օրյա ճամբարային ծրագիր Աղավնաձորում:

«Արի տուն» ծրագրի 2013թ առաջին փուլին մասնակցել է շուրջ 90 երիտասարդ՝ աշխարհի 10 երկրից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում