Եղիշե Չարենց. Այրած երգեր
Նմանատիպ
Երբ երեկոն իջավ, որպես հոգնած ճամփորդ,
Եվ փոշեպատ նստեց տանիքների վրա,-
Ես սենյակս մտա իմ խոհերի ճամփով
Եվ հանեցի երգերըս մի երեկո գրած:
Ես հանեցի երգերըս ու կարդացի կրկին
Պատմություններ, հուշեր մի ավերված հոգու,
Եվ խորշեցի ես ինքըս իմ հուսահատ երգից,
Եվ ամոթի թախիծն էր իմ ճակատին չոքում,-
Երբ տողերի միջից իմ երգերի, իմ այդ
Մի երեկո գրած նվագների տակից
Հառնեց հանկարծ, նայեց ու ժպիտով ժլատ
Ինձ ողջունեց նազով արդեն մեռած մի կին:
Ու տողերիս միջից ինձ պարզեցին երկու
Նախատինքի սրեր` երկու աչքեր մեռած,
Հետո սրբեց ճակատըս նա իր նրբին ձեռքով,
Եվ խո՜ր հանգիստ իջավ իմ աչքերի վրա:
Նա ինձ ասաց, այդ կինը, իմ տողերի միջից.
« – Արիացի՛ր, ընկե՛ր իմ, ամրապնդվի՛ր ոգով,
Մաքրի՛ր հոգնած քո սիրտը կարոտներից չնչին,
Որ վերանա խավարը քո հուշերին չոքող:-
Թե հիշատակն իմ թանկ է դեռ քո սրտին հիմա,
Թե ուզում ես, որ հուշըս չխավարի քո մեջ,-
Կրի՛ր պայծառ անունըդ մարտիրոսի նման,
Եղիր ոգով անդու՛լ դու, ու մաքառող, ու մեծ»․․․
Օ, հարազա՛տ ընկեր իմ, իմ բարեկա՛մ, իմ քու՛յր,
Անվերադարձ անցած հերոսակա՛ն իմ կին,-
Ահա կրկի՛ն արև է իմ խավարած հոգում
Եվ կենսատու ժպիտ է իմ տարամերժ դեմքին:-
Երբ դադարեց քո ձայնը այն երեկո – հանգիստ
Ես շոյեցի ճակատըս ու վառեցի կրակ,
Եվ հանձնելով իմ կյա՛նքը հերոսական կամքիդ՝
Ես այրեցի երգերըս մի երեկո գրած․․․