Պողոս առաքյալի նամակները
Նմանատիպ
Պողոս առաքյալը ծնվել է առաջին դարի սկզբներին Կիլիկիայի Տարսոն քաղաքում և նահատակվել 67 թվականին՝ Ներոնի հալածանքների ժամանակ: Պողոս առաքյալը մշտապես աչքի է ընկել իր նախանձախնդրությամբ, որն առավել ցայտուն արտահայտվում էր քրիստոնյաների դեմ ծավալած նրա գործունեությունից: Սակայն նա Դամասկոսի ճանապարհին աստվածային զորության շնորհիվ իմաստություն է ձեռք բերում և գիտակցում իր պայքարի ունայնությունը և Եկեղեցին հալածողի դերից դառնում է Խաչեցյալի ջերմ աշակերտը, իսկ հետագայում դառնում քրիստոնեական ճշմարիտ պատգամի տարածողը ողջ:
Դամասկոսի ճանապարհի այս դեպքից հետո Պողոսը մկրտվում է Անանիայի կողմից, այնուհետև սկսում իր քարոզչական գործունեությունը Արաբիայում և Սիրայում: Իսկ երեք տարի անց այցելում է Երուսաղեմ, որտեղ էլ հանդիպում է Պետրոսին:
Պողոս առաքյալի կյանքի յուրաքանչյուր դրվագ, անշուշտ, իմաստալից է և հետաքրքրական, սակայն իր կենսագրության, ինչպես նաև մեր կրոնի մեջ առավել կարևոր դեր են խաղում իր նամակները, որոնք Նոր Կտակարանի առաջին գրավոր հուշարձաններըն են: Դրանք ամենևին էլ սիստեմատիկ գործեր չեն և գրվել են ոչ թե մի նյութի սիստեմատիկ զարգացման, այլ նոր հիմնադրված եկեղեցիների կողմից առաքյալին հղված հարցերին պատասխանելու նպատակով կամ հուդայասերների կողմից նրա հասցեին հնչեցված որոշ մեղադրանքների դիմագրավելու նպատակով: Սակայն ի հակառակ նամակների հովվական նախադրյալներից ծնունդ առնելու փաստին, դրանք մեզնից յուրաքանչյուրին հստակորեն ներկայացնում են Պողոս առաքյալի աստվածաբանությունը, ինչպես նաև նրան շնորհում Եկեղեցու առաջին մեծ աստվածաբանի կոչումը:
Հարկ է նշել, որ նամակների գրության ժամանակ Պողոսը հետևում է ժամանակի հունական նամակագրության կանոններին:
Պողոսի նամակների ժամանակագրական տեղադրումը հեղինակի կյանքի և քարոզչական գործունեության մեջ հնարավոր է դառնում Գործքից և իր նամակների հաղորդած տեղեկություններց, որոնց միջոցով էլ կարելի է գծել նրա կյանքի և գործունեության ուղին:
Պողոսի նամակները, դրանք ընկալողների տեսության համաձայն կարելի է բաժանել 3 հիմնական խմբերի`
ա. Նամակներ, որոնք ուղղված են որոշակի Եկեղեցու
բ. Նամակներ, որոնք ուղղված են եկեղեցիների մի խմբի`ընդհանրական նամակներ
գ. Նամակներ, որոնք ուղղված են մեկ անձի: Սրանք 18-րդ դարից կոչվում են «հովվական», քանի որ ուղղված են եկեղեցիների հովիվներին:
Հարկ է նշել, որ մի քանի նամակներ գրվել են Պողոսի բանտարկության ժամանակ: Դրանք են նրա 4 «կապանքների նամակները» կամ «գերության նամակները»:
Եկեղեցական Ավանդությունը հստակորեն Պողոսին է վերագրում Նոր Կտակարանում փրկված 13 նամակները:
Սուրբ Գրքի միջոցով մեզնից յուրաքանչյուրի հետ խոսում է Սուրբ Հոգին: Այն Սուրբ Հոգին, որն իր անսպառ զորությամբ և սիրով ներթափանցում է մեր հոգու խորքը և որն իր հրաշափառ զորությամբ ժամանակին ներշնչել է Պողոս առաքյալին, ինչպես նաև բազում այլ նվիրյալների:
Եզնիկ Ծ. Վրդ. Պետրոսյան «Ներածություն Նոր Կտակարանի»
Արմեն Չաքմիշյան
Աղբյուր` Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում