Վահան Տերյան. Կա խորհրդավոր մի հրապուրանք
16/12/2019 20:04
Նմանատիպ
* * *
Կա խորհրդավոր մի հրապուրանք
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ – որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ – որ քամահրանք:
Մի այլ երկրային երաժշտության
Ելևէջների պչրանքն եմ հիշում,
Քո շարժումները աղոթք են շարժում,
Քո շարժումները և կան, և չըկան…
Երկրում են սնված, բայց ոչ երկրային
Արբեցումներ են նոքա խոստանում,
Մի այլ տանջանքի եդեմ են տանում,
Մատնելով հոգիս չարքերի խաղին…