Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը մենահամերգով հանդես կգա Մարինյան թատրոնում

Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը մենահամերգով հանդես կգա Մարինյան թատրոնում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուսաստանաբնակ դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանը մենահամերգով հանդես կգա Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի համերգասրահում: Համերգը կկայանա դեկտեմբերի 24-ին «Ժամանակակից դաշնամուրային արվեստի դրսևորումներ» 14-րդ միջազգային փառատոնի շրջանակում:

«Շրջան է լինում, երբ ինձ դուր է գալիս ելույթ ունենալ միայն նվագախմբի հետ, հետո հասկանում եմ, որ ոչ, միայնակ ավելի լավ է, հասկանում ես, որ այդ դեպքում ավելի ազատ ես, որևէ մեկից կախված չես»,- ասում է Եվան:

Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։ Այս տարի Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։

Նշենք, որ Եվան վերջերս ստացել է Հայաստանի քաղաքացիություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում