Ներսես Խառատյանը ընթերցողների սեղանին դրեց «Հովտաշուշան» սիրային պատմությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, արձակագիր Ներսես Խառատյանը, որը մի շարք մրցանակների է արժանացել դետեկտիվ ժանրի ստեղծագործությունների համար, ընթերցողներին ներկայացրեց «Հովտաշուշան» գործը, որը պատմություն է հավիտյանս հառնող սիրո մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին Հայաստանի գրողների միությունում:
«Սա պատմություն է զույգի մասին, որի միությունն այդպես էլ չի կայացել: Այն ինքնակենսագրական վեպ է. խոսքերով դժվար է փոխանցել, անպայման անհրաժեշտ է կարդալ: Թվում է` սիրո մասին շատ են խոսում, և այն այժմեական չէ, բայց աշխարհը սիրո վրա է կառուցված, հատկապես կնոջ ու տղամարդու սիրո»,-ասաց Խառատյանն ու հավելեց, որ այդ պատմությունը միշտ իր մտքում էր և վաղ թե ուշ պետք է գրվեր:
Հեղինակը շեշտեց, որ գրքի հերոսուհին ներկա է իր գրեթե բոլոր ստեղծագործություններում. նա ոգեշնչման աղբյուր է, մուսա:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով` Խառատյանի մասնագիտությունը, կենսակերպը նպաստել են, որ նա իր ուսումնասիրությունների հիման վրա ստեղծի մարդկանց հետաքրքրող սյուժեներ, որոնք վերաբերում են իրավական, հանցագործ աշխարհին: «Սիրային վեպերը հանրությանը շատ են հետաքրքրում, հատկապես երբ առկա են սիրային ինտրիգներ, գյուտեր և այլն, բայց Խառատյանի գործերում գրավում է նաև այն, որ կենցաղով համեմված պատմություններ ներկայացնելիս հաճախ կիրառում է աֆորիստիկ մտքեր, որոնք ասես պատմությունների գագաթները, եզրակացությունները լինեն»,-ընդգծեց Միլիտոնյանը` գրքից մեջբերելով հետևյալը. «Կյանքում մարդուս ուղեկցող հանգամանքները հաճախ շատ ավելի ուժեղ են, քան մարդն ինքը»:
Ներսես Խառատյանը ծնվել է 1947 թվականին Մեղրու շրջանի Մեղրի քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է ՀՀ դատախազության համակարգում։ Խառատյանի արձակ և չափածո ստեղծագործությունները պարբերաբար տպագրվում են հանրապետական գրական մամուլում և հանդեսներում: Նրա որոշ գործեր թարգմանվել են ռուսերեն:
Հեղինակի հայտնի երկերը. «Թռիչք ժամանակից դուրս», «Ո՞վ սպանեց Էլենին», «Խաղ մահվան հետ», «Դու հրաշք էիր, կյանք», «Կարոտի երգեր»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում