Հրանտ Մաթևոսյանի մահվան 17-րդ տարելիցին արվեստագետները ծաղիկներ խոնարհեցին գրողի շիրիմին

Հրանտ Մաթևոսյանի մահվան 17-րդ տարելիցին արվեստագետները ծաղիկներ խոնարհեցին գրողի շիրիմին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձակի վարպետ Հրանտ Մաթևոսյանի մահվան 17-րդ տարելիցին գրողի հարազատները, ընկերները, գործընկերներն ու նրա գրականության սիրահարները այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ դրեցին Մաթևոսյանի գերեզմանին:

«Ցածր ու միջին դասարանների աշակերտները ծանոթանում են Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» և «Հացը» ստեղծագործություններին, իսկ ավելի մեծ տարիքում` «Աշնան արև»-ին: Կարևորում եմ այն, որ կարողացանք տարբեր ձևաչափերով հրատարակել Մաթևոսյանի մանկապատանեկան պատմվածքները: Պարզվեց, որ առաջին ու վերջին անգամ «Մեր վազքը» լույս է տեսել 1978 թվականին, հետո մի անգամ տպվել է «Կանչ դաշտը» »,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հրանտ Մաթևոսյանի որդին` Դավիթ Մաթևոսյանը:

Նա շեշտեց, որ «Հացը» արժեհամակարգ ձևավորող ստեղծագործություն է: «Այն գրված է երեխաների համար ու երեխաների լեզվով: Պարտքի ու պարտականության, սիրո մասին է: Կարծում եմ` այդ փոքրիկ պատմվածքից երեխաները շատ բան են ստանում»,-ընդգծեց գրողի որդին:

Գրականագետ Վազգեն Գաբրիելյանի խոսքով` Մաթևոսյանը ժամանակի մեծագույն արձակագիրն էր: «1960-70-ական թվականներին հրաշալի արձակագիրների մի ամբողջ սերունդ կար. յուրաքանչյուրն իր արժեքն ունի: Հրանտն աշխարհի, կյանքի հանդեպ առավել զգայուն էր: Նա գրել է բոլորի համար: Անդրադառնում էր և’ փոքրերին, և’ մեծերին: Մաթևոսյանի համար գյուղական աշխարհի մեծ ու փոքրերը նույն ցավով էին տառապում. երեխաները հայրերի հետ հավասար տանջվում էին և անում այն ամենը, ինչ արել են իրենց պապերը»,-ասաց Գաբրիելյանն ու հավելեց, որ Մաթևոսյանը շարունակեց Բակունցի, Զորյանի ավանդույթները`բերելով իր հայացքը:

Արձակագիր Հովիկ Վարդումյանը հիշեց, որ Մաթևոսյանի հետ ծանոթացել է, երբ նա ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ: «Հոգեկերտվածքով, բնավորության գծերով շատ նման էինք, ու հեշտությամբ մտերմացանք: Մի առիթով Մաթևոսյանը Չարենցի ստեղծագործությունների շքեղ ժողովածուն նվիրեց ինձ ու ասաց, որ մեր բարեկամությունը վերածվում է եղբայրության:

Հրանտը հրաշալի մարդ էր` համեստ, խոնարհ, մտածում էր բոլորի մասին ու ձեռք մեկնում բոլորին: Շատ հայրենասեր էր, ազգապաշտ էր, ինչն արտացոլված է նրա գրականության մեջ»,-նշեց Վարդումյանը:

Արձակագիրը պատմեց, որ մի օր Մաթևոսյանին տեսել է հրաշալի տրամադրությամբ: «Հարցրի, թե ինչով է պայմանավորված նրա շատ բարձր տրամադրությունը, պատասխանեց, որ կրում է մի կոստյում, որը վաղուց չէր հագել: Երբ այն հագել է, գրպանում գումար է գտել: Մաթևոսյանը ուրախ էր, որ գումարով կարող է աջակցել ինչ-որ մեկին»,-ներկայացրեց Վարդումյանը:

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1935 թվականին: Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: 1958-62 թվականներին աշխատել է որպես սրբագրիչ «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում»: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967-ին: 1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը: Ստեղծագործությունները թարգմանվել և լույս են տեսել մի շարք լեզուներով: Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին Երևանում:

Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: 2004 -ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում