Փոփոխություններ են կատարում հուշարձան-շենքում՝ ենթադրելով, որ կառավարության որոշում կլինի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Երևանի Գևորգ Քոչար 21 հասցեում գտնվում է Գրապալատի հուշարձան-շենքը: Արդեն մի քանի օր է շենքի այն հատվածում, որը տրամադրվել է Մնջախաղի թատրոնին, շինարարական աշխատանքներ են ընթանում: Թեև պատկան մարմինները՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, քաղաքաշինության պետական կոմիտե, ասում են, որ ամեն ինչ օրենքի շրջանակում է, որպեսզի հուշարձան-շենքի տեսքի խաթարում, շեղում չլինի, սակայն բուռն քննարկումների տեղի է տվել: Որոշ ճարտարապետներ պնդում են, որ կատարվող փոփոխություններն աղավաղում, աղճատում են հուշարձան-շենքի տեսքը:
«Փրկենք տպարանի շենք» նախաձեռնության հեղինակ Իզաբելա Սարգսյանը change.org կայքում ստորագրահավաք է սկսել՝ որպեսզի դիմեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով։
Ի դեպ, Հանրապետական նշանակության հուշարձանը, ըստ օրենսդրության, կարող է փոփոխվել միայն կառավարության որոշմամբ: Մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գաստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետական նշանակության հուշարձանը քանդում են, ասում ա՝ շուտով կլինի կառավարության որոշում»:
Այս խնդրի հետ կապված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ կլինի որոշում, իսկ քանի դեռ չկա, այնտեղ ամրակայման աշխատանքներ են ընթանում:
«Վստահ ենք, ենթադրում ենք, որ անպատճառ կլինի այդ որոշումը, որովհետև բոլոր կազմակերպությունները, որոնք ի պաշտոնե տվել են իրենց կարծիքները, բոլորը դրական են, ինչի՞ հիման վրա կառավարությունը պետք է մերժի»,-ասել էր փոխնախարարը:
Հիշեցնենք, որ այս շենքը Մնջախաղի թատրոնին տրվել էր դեռ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի պաշտոնավարման ժամանակ: 2017 թ. փետրվարի 15-ին ՀՀ մշակույթի նախարարությունը Երևանի մնջախաղի պետական թատրոնին գործունեություն ծավալելու նպատակով տրամադրել էր Ազգային գրապալատի շենքը, իսկ գրապալատը միացել է Ազգային գրադարանին: Թատրոնին հարմարեցված չլինելու պատճառով՝ շենքում պետք է կատարվեին շինարարական աշխատանքներ: Սակայն հետագայում նախագիծը չի իրականացվել, մերժվել է, քանի որ ներկայացված շինարարական միջամտությունը խաթարում էր հուշարձան- շենքի տեսքը:
Այս տարվա սեպտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհուրդը դրական եզրակացության է տվել նախագծին: Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ասել էր, բոլոր փաստաթղթերը կարգավորված են, բոլոր այն փոփոխությունները, որոնք լինելու են, չեն խաթարում շենքի պատմամշակութային արժեքը:
«Ամենօրյա ռեժիմով ենք աշխատել, որպեսզի կարողանանք օրենքի, իրավունքի շրջանակում արվի այնպես, որ որևէ շեղում, խախտում չլինի: Նախագիծն անցել է նաև համապատասխան հանձնաժողովով: Եթե որևէ բան սխալ լիներ, մասնագետներ են նստած եղել, բծախնդիր, ուղղակի հնարավոր չէր լինի սկսել շինարարությունը»,- ասել էր փոխնախարարը:
Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն նշել էր, որ նախագիծը երկու տարի առաջ ավարտված էր, սակայն բազմաթիվ խնդիրներ կային նախագծի, ընտրված լուծումների հետ կապված:
«Նախաձեռնեցինք նախագծի վերանայում, անհրաժեշտ փոփոխություններն իրականացրեցինք, ներկայացրեցինք գիտամեթոդական խորհրդին, սեպտեմբերին ստացանք թույլտվություն, դրան հաջորդեցին քաղաքապետարանի թույլտվությունների ընթացակարգեր, ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի վերանայում, նոյեմբերի 20-ին ստացանք շինարարության թույլտվություն»,- լրագրողներին ասել էր նա:
Պետբյուջեից այս տարի 46 միլիոն կհատկացնեն վարչական հատվածի շինաշխատանքների համար, հաջորդ տարի կհատկացվի շինարարության համար անհրաժեշտ ամբողջ գումարը՝ 166 միլիոն 373 հազար դրամ:
«Հայպետհրատի» շենքը նախագծվել է 1935 թվականին՝ ճարտարապետներ Մ. Մազմանյանի և Հ. Մարգարյանի կողմից, որի շինարարական աշխատանքները շարունակվել են մինչև 1960-ականներ:
Լուսանկարները՝ Տիգրան Գալստյանի Ֆեյսբուքյան էջից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում