Մի՛ շտապեք դատել…
Նմանատիպ
Որքա՜ն հաճախ ենք շտապում դատավճիռ կայացնել որևէ մեկի նկատմամբ, ընդ որում հպարտանալով, որ ինքներս այդպիսին չենք: Սակայն «մի՛ դատեք, որ չդատվեք»,- պատվիրեց Փրկիչը: Դատապարտումը մեղք է, և ինչպես յուրաքանչյուր մեղք՝ պատժելի, եթե մարդը չի զղջում:
Ժամանակին ես բարետես աղջիկ էի, և ապագա սկեսուրս ինձ շատ հավանեց ու ծանոթացրեց ամուսնուս հետ:
Պատերազմի ժամանակ դեռևս հղի լինելով, նա այրիացել էր և միայնակ մեծացրել որդուն: Հավատացյալ կին էր, երբեք ոչ ոքի չէր դատում: Իսկ ես, ընդհակառակը, շատ հետաքրքրասեր էի և այնքան էի սիրում բամբասել, որ սկեսուրս երբեմն ասում էր.
– Վե՛րջ տուր: Ուրիշների մեղքերը քննելը մեր գործը չէ: Տերն ամեն մեկին ըստ իր գործերի կհատուցի:
Ես, իհարկե, նրան չէի լսում, քանի որ հոգում կարծում էի, որ հլու դյուրահավատ մեկն էր: Նա, իսկապես, զրուցասեր չէր և հազվադեպ էր մի երկու խոսք ասում:
Ես մասնագիտությամբ բուժքույր եմ: Եվ ահա մի օր հարևաններն ինձ օգնության կանչեցին: Պարզվեց նրանց դուստրը պատրաստվում է տանը ծննդաբերել: Պարզ էր, որ ինչ-որ մեկը գայթակղել էր նրան ու լքել: Աղջիկն այդ ողջ ընթացքում փորը կապած էր շրջել, որպեսզի մարդկանցից թաքցնի իր վիճակը: Եվ ահա արու զավակ ծնվեց:
Ծննդկանի մայրն ինձ աղաչում էր.
– Մեր խայտառակության մասին ոչ ոքի մի՛ պատմիր, պահպանի՛ր մեր գաղտնիքը, և ես ողջ կյանքս կծառայեմ քեզ:
Ես սկսեցի երդվել.
– Ի՞նչ եք խոսում: Մի՛ կասկածեք՝ գերեզմանի պես լուռ կմնամ:
Եվ հաջորդ օրն իսկ ողջ փողոցով տարածեցի նորությունը.
– Անիկոն առանց ամուսնանալու երեխա է ունեցել:
Որոշ ժամանակ անց ինչ-որ մեկը ծաղրել էր Անիկոյի հորը: Նա էլ կատաղել էր ու տնից դուրս արել կնոջն ու աղջկան: Մի խոսքով՝ ընտանիքը քայքայվեց:
Սկեսուրս լաց եղավ.
– Այս ի՞նչ արեցիր:
Իսկ ես շարունակում էի անել այն, ինչ ուզում էի: Հաճախ էի կռիվ գցում ամուսնու և կնոջ, կրտսերների ու ավագների միջև:
Մահվանից առաջ սկեսուրս ինձ իր մոտ կանչեց ու խնդրեց.
– Աղաչում եմ քեզ, գոնե հիմա խոստացիր, որ կդադարես անել այն, ինչ անում ես…
Նրա թաղումից հետո ինձ բացարձակապես ազատ զգացի ու լեզվիս կապերն ավելի բաց թողեցի: Քրոջս ականջները տարա՝ ասելով.
– Հաստատ գիտեմ և ողջ քաղաքն էլ ասում է, որ ամուսինդ քեզ դավաճանում է:
Նա հավատաց ու այդ ամենին չդիմանալով՝ վերջ տվեց կյանքին:
Հենց այդ ժամանակ էլ հրաշքը տեղի ունեցավ: Թաղման նախորդ գիշերը սկեսուրս հայտնվեց ինձ, քրոջս ձեռքը բռնած, զայրացած ինձ նայեց ու ասաց.
– Այսուհետև ինչ պատահի, միայն քե՛զ մեղադրիր:
Եվ երկուսն էլ անհետացան:
Ես հազիվ ուշքի եկա ապրած ցնցումից, դժվարությամբ հաղթահարեցի դողս, բայց ոչ ոքի չասացի տեսիլքի մասին: Վստահ էի, որ ինձ չեն հավատա:
Այդ դեպքից վեց ամիս էլ դեռ չէր անցել, երբ ամուսինս լքեց ինձ և ուրիշ կնոջ մոտ գնաց: Այժմ բոլորն սկսեցին իմ մասին բամբասել:
Մի որոշ ժամանակ անցավ, և ավագ որդիս թմրամոլ դարձած՝ բանտ ընկավ, հետո էլ չգիտեմ ինչպես տեղափոխվեց Հոլանդիա: Այնտեղ դրախտ է թմրամոլների համար, իսկ նրան ուրիշ բան պետք էլ չէ:
Հաջորդ հարվածն այն էր, որ աղջիկս տասնհինգ տարեկանում ծննդաբերեց ու երեխայից հրաժարվեց ծննդատանը:
Կրտսեր որդիս ամուսնացավ իրենից ինը տարի մեծ կնոջ հետ, որն արդեն երեխա ուներ: Երբ սկսեցի վիճել, նա հեռացավ տնից և այլևս ինձ տեսնել չի ուզում:
Այդպես ես մենակ մնացի…
Հաճախ եմ երազում տեսնում իմաստուն սկեսուրիս: Նա կշտամբանքով նայում է ինձ, բայց ոչինչ «չի ասում»: Ավելին ի՞նչ կարող է ասել. ամեն ինչ ասել էր կենդանության օրոք:
Իզոլդա, 60 տարեկան, երեք երեխաների մայր
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում