Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագների երգչախումբը փայլուն ելույթներ է ունեցել Եվրոպայում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնի սարկավագների երգչախումբը` Շահե Քեշիշյանի ղեկավարությամբ Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ շրջագայություն է ունեցել Եվրոպայում` կատարելով կոմպոզիտորի բազմաթիվ ստեղծագործություններ:
«Ելույթներ ենք ունեցել եվրոպական երեք երկրի`Հոլանդիայի, Բելգիայի և Իտալիայի յոթ քաղաքում: Հանդես ենք եկել հայկական եկեղեցիներում և կաթոլիկ մեծ տաճարներում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շահե Քեշիշյանը:
Նրա խոսքով` համերգներին ներկա են եղել ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչներ, այլև օտարերկրացիներ, անվանի հյուրեր, դեսպաններ և այլք:
«Հյուրերն իրենց ընդգծված հիացմունքն էին հայտնում, թաց աչքերով ու փշաքաղված էին լսում երգչախմբի կատարումները: Նրանք շնորհավորում էին մեզ` նշելով, որ ֆանտաստիկ կատարումներ են, հրաշալի երաժշտություն է: Շատ տպավորված ենք. համերգները հոտնկայս ծափահարություններով էին ընդունվում»,-պատմեց Շահե Քեշիշյանը:
Նա շեշտեց, որ երգչախմբում ընդգրկված են Գևորգյան ճեմարանն ավարտած 15 սարկավագ: «Խորհրդանշական էր այն, որ համերգներով կարողացանք ընդգծել Կոմիտասի և ճեմարանի կապը, քանի որ Կոմիտասը եղել է ճեմարանի սան, հետագայում դասավանդել է այնտեղ»,-ասաց նա ու հավելեց, որ երգչախմբի հետ համագործակցում է առաջին անգամ և հույս ունի, որ այն դեռ կշարունակվի, և իրենք հանդես կգան նաև այլ երկրներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում