«Սոդոմը ընդմիշտ լքելու» վճռականությունը
Նմանատիպ
…Եվ քանի որ հրեշտակները տղամարդկանց տեսք ունեին, դրանից երևում է, թե ինչ զազրելի այլասերվածությամբ էին վարակված Սոդոմի բոլոր բնակիչները, երիտասարդից մինչև ծեր, ամբողջ ժողովուրդը միասին պաշարեցին տունը (Ծննդ. 19; 4)։
Արդար Ղովտը կատարելով հյուրասիրության ավանդական օրենքը, թույլ չտվեց իր հյուրերին նեղացնել, այլ առաջարկեց իր երկու դուստրերին, որոնց «տղամարդ չի մոտեցել» (Ծննդ.19; 8):
Սակայն այլասերվածները, պիղծ ցանկությամբ բորբոքվելով, փորձում էին բռնաբարել նաև Ղովտին, «Հիմա քեզ ավելի շատ կչարչարենք, քան նրանց» (Ծննդ.19; 9):
Արևմուտքի ժամանակակից հասարակությունը, քրիստոնեական արմատներից զրկվելով, փորձում է իրեն «հումանիստ» մարդասիրական ցուցաբերել միասեռականների նկատմամբ` կոչելով նրանց բարոյապես չեզոք «սեռական փոքրամասնություն» բառով: Իրականում դա ոչ թե հումանիստական, այլ, կարելի է ասել, ավելի դաժան վերաբերմունք է:
Պատկերացրեք, եթե բժիշկը «բարեսիրտ» ձևանալով սկսի ներշնչել ծանր հիվանդին, որ նա առողջ է, պարզապես բնությամբ նման չէ ուրիշներին, ապա նա մարդասպանից քիչ է տարբերվում: Սուրբ Գիրքը մատնանշում է, որ Աստված «Սոդոմ և Գոմոր քաղաքները մոխրի վերածելով` դատապարտեց` օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար» (Բ Պետր. 2; 6): Նա խոսում է ոչ միայն հավիտենական կյանքը կորցնելու վտանգի մասին, այլ նաև հոգու ամենածանր հիվանդությունից բժշկվելու հնարավորության մասին: Պողոս առաքյալը ոչ միայն խիստ հանդիմանում էր կորնթացիներին ամոթալի մեղքերի համար, այլ նաև հույս է տալիս իրենց իսկ միջավայրից վերցրած օրինակներով. «Եվ ձեզնից ոմանք այդպիսին էին, սակայն մեղքերից լվացվեցիք, սրբագործվեցիք և արդարացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով» (Ա Կորնթ. 6; 11):
Սուրբ հայրերը նշում են, որ բոլոր կրքերի (նաև մարմնական) ծանրության կենտրոնը գտնվում է մարդկային հոգու ոլորտում, հոգու ապականվածության մեջ: Մեղքերն ու մոլությունները Աստծուց մարդու հեռանալու արդյունք են և որպես հետևանք առաջացնում են մեղսական այլասերվածություն: Դրա համար էլ ապաքինման ելակետը պետք է լինի «Սոդոմը ընդմիշտ լքելու» վճռականությունը: Երբ հրեշտակները Ղովտին իր ընտանիքով դուրս էին հանում Սոդոմից, նրանցից մեկն ասաց. «Փրկի՛ր կյանքդ, հետ չնայես» (Ծննդ. 19; 17): Այս խոսքերում բարոյական փորձություն կար: Այլասերված քաղաքի վրա հրաժեշտի հայացք նետելը կնշանակեր համակրանք հայտնել քաղաքին, որին Աստված դատապարտության վճիռ էր կայացրել: Ղովտի կինը հետ նայեց և դարձավ աղի արձան, որովհետև հոգով չբաժանվեց Սոդոմից: Սողոմոն Իմաստունը գրում է Ղովտի կնոջ մասին` որպես անհավատ հոգու հիշատակ կանգնած աղի արձան (Իմաստ. 10; 7): Նաև մեր Տեր Հիսուս Քրիստոս զգուշացնում է իր աշակերտներին. «Այն օրը, երբ Ղովտը դուրս եկավ Սոդոմից, երկնքից կրակի ու ծծմբի անձրև թափվեց և կործանեց բոլորին… Հիշեցե՛ք Ղովտի կնոջը» (Ղուկ. 17; 29-32): Ոչ միայն նրանց, ովքեր սեփական փորձով անցան կործանարար անդունդը, այլև բոլորին, ովքեր արդարացնում են այս արատը, պետք է հիշեցնել Ղովտի կնոջ օրինակը: Իրական անկման ուղին սկսվում է մեղքի արդարացումից: Պետք է զարհուրել հավիտենական կրակից, և այն ժամանակ այս զազրելի մեղքի արդարացման և «իրավունքի» վերաբերյալ բոլոր լիբերալ խոսքերը կեղծապատիր կթվան: Որովհետև, ինչպես գրված է. «Ամեն անօրեն պիղծ է Տիրոջ առաջ, իսկ արդարների հետ է Նրա հաղորդությունը» (Առակ. 3:32):
Ամենից առաջ պետք է մտնել Եկեղեցու շնորհաբաշխ ոլորտը: Անհրաժեշտ է պատրաստվել (առանց հետաձգելու) հիմնավոր խոստովանության և անցնել այն: Այսօրվանից պետք է սկսել կատարել այն, ինչ Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ առաջարկում է իր զավակներին` մշտապես մասնակցել խոստովանության և հաղորդության խորհուրդներին, ներկա գտնվել մեծ տոների և կիրակնօրյա աստվածպաշտության ժամերին, կատարել առավոտյան և երեկոյան աղոթքները, պահպանել պահքի օրերը, արթուն լինել սեփական անձի նկատմամբ, որպեսզի մեղքից հեռու մնանք: Այնժամ կհասնի Աստծո ամենակարող զորությունը և արմատապես կբժշկի մեզ ծանր ախտից:
«Տարբեր փորձություններից, հոգեկան և մարմնական կրքերից սեփական տկարությունը ճանաչողը սկսում է ճանաչել նաև Աստծո անսահման կարողությունը, Նրան սրտանց աղոթողներին ազատագրող զորությունը: Եվ այնժամ աղոթքը քաղցրանում է մարդու համար: Տեսնելով, որ առանց Աստծո ոչինչ չի կարող անել և զգուշանալով անկումից` նա մշտապես ձգտում է մնալ Աստծո հետ: Նա հիանում է և զարմանում, թե ինչպես Աստված ազատեց նրան այդչափ փորձություններից ու կրքերից և գոհանում ու փառաբանում է Ազատագրողին և իր երախտապարտության համար ընդունում է խոնարհությունն ու սերը, և այսուհետ ոչ մեկին այլևս չի արհամարհում` իմանալով, որ ինչպես Աստված իրեն օգնեց, այդպես էլ կարող է օգնել նաև ուրիշներին, երբ կամենա» (Պետրոս Դամասկացի):
Թարգմանությունը` ռուսերենից
Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻ
Դարբասի հոգևոր հովիվ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում