«Մեր օրերում մենք ոչ թե գիրք ենք հրատարակում, այլ մեր գործերը արխիվացնում ենք, փրկում կորստից»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Վերահրատարակվել է արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «Ագռավները Նոյից առաջ» վեպը: Զրուցել ենք նշված գրքի և հայ ժամանակակից գրողների մերօրյա խնդիրների մասին:
– 2016-ին «Ագռավները Նոյից առաջ» ժողովածուի համար արժանացել եք ՀՀ նախագահի ամենամյա գրական մրցանակին: Գիրքը վերահրատարակվել է: Մեր օրերում կարելի՞ է ասել, որ հաճախ չհանդիպող իրադարձություն է գրքի վերատպումը: Մեծ խիզախում չէ՞, առհասարակ, գիրք հրատարակելը:
– Ես միշտ ասել եմ, որ մեր օրերում մենք ոչ թե գիրք ենք հրատարակում, այլ մեր գործերը արխիվացնում ենք, փրկում կորստից, որովհետև 300 կամ 500 օրինակը չի կարելի համարել հրատարակում։ Ես այն գրողներից չեմ, ովքեր ունեն հրատարակիչ։ Եթե պետական աջակցություն չեմ ստանում, հրատարակում եմ իմ միջոցներով։ Հասկանալի է, որ ժամանակակից հեղինակների վերահրատարակման համար պետությունը գումար չի նախատեսում։ Գումար չի նախատեսում նաև ժամանակակից գրողների գրքերը գրադարանների համար գնելու նպատակով։ Առաջին հրատարակությունը՝ 2015 թ. թեև պետական պատվերով էր, բայց հանդիպումների ընթացքում պարզեցի, որ ոչ մի գրադարանում գիրքը չկա։ Գրախանութներից մեկում էլ ասացին՝ մինչև հիմա էդ գիրքը հարցնում են։ Դրա համար որոշեցի վերահրատարակել։ Պետք է դառնությամբ խոստովանեմ, որ մայրաքաղաքի մեծ գրադարանները սովորություն չունեն իմ գրքերը գնելու։ Չնայած, որքան հասկանում եմ, բոլոր հեղինակների դեպքում է այդպես։ Սա խոսելու շատ լուրջ թեմա է, հիմա չեմ մանրամասնում։ Ինչպես գիտեք, ժողովածուն բաղկացած էր երկու մասից՝ «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուից և «Ագռավները Նոյից առաջ» վեպից։ Պատմվածքների ժողովածուն անցյալ տարի վերահրատարակեց ՀԳՄ հրատարակչությունը։ Վեպը հիմա իմ միջոցներով եմ հրատարակում։ Եվ հույս ունեմ ինչ-որ կերպ հասցնելու գրադարաններ։
– Դուք 11 գրքի հեղինակ եք: Ձեր իսկ օրինակով (էլի մրցանակների եք արժանացել, որքան հիշում եմ) կարո՞ղ եք ասել՝ մրցանակի արժանացած գրքերը ավելի լա՞վ են սպառվում:
– Ես չեմ կարող խոսել գրքի սպառման մասին, ես իմ իրական ընթերցողների քանակը չգիտեմ, որովհետև այն գրքերը, որոնք ես իմ միջոցներով եմ հրատարակում, նվիրում եմ, քանի տպաքանակը չի սպառվել։ Գրքերիս հիմնական մասը, որոնք հրատարակվել են պետական պատվերով կամ աջակցությամբ, ինչպես այդ տարիներին հրատարակված ու պահեստներում փտող գրքերը մինչև հիմա բաժանվում են, վերջը չի երևում։ Այս դեպքում էլ՝ տպաքանակի այն մասը, որը ես գնել եմ հրատարակչից, նվիրել եմ։ Մնացածից տեղյակ չեմ։ Չնայած պատկերացնելը դժվար չէ։
– Նոր հրատարակությունը ինչպե՞ս է ներկայանալու ընթերցողին՝ ձևավորման, արժեքի, լրամշակումների առումով:
– Միշտ նախանձել եմ գրողներին, ովքեր տարիներ հետո վերամշակում են իրենց գործերը։ Ես եթե այդ հոգեվիճակից դուրս եկա, հետո չեմ կարողանում բառ կամ տող փոխել։ Բացի այդ էլ՝ շատ գաղափարներ ունեմ, երբեմն ինձ թվում է, որ ես ոչ թե գրում, այլ սղագրում եմ մտքերս, մինչև իմ ժամանակի տերը կլինեմ և լրջորեն կաշխատեմ։ Նախորդ հրատարակության հետ համեմատած միայն շապիկի ձևավորումն է փոխված, որովհետև նախորդը ժողովածու էր։ Դրա համար չուզեցա նույն շապիկն օգտագործել։
– Եվ կա մի կարևոր հանգամանք՝ պրոպագանդա, մարքեթինգ: Ի՞նչ է արվելու, որ գիրքը գտնի իր ընթերցողին:
– Ամենացավոտ հարցն է։ Պրոպագանդայի առումով Ազգային ռադիոն և մամուլը ազնիվ են։ Հեռուստատեսությունը կամ պիտի գնել կամ անձնական կապերն օգտագործել. գրքի լավն ու վատը կապ չունի։ Ինձ համար, որպես հեղինակի, ձեռնտու է, որ գիրքը տարածվի գրադարաններում: Շրջանների, մի շարք դպրոցների գրադարաններ ցանկություն ունեն գնելու, բայց չգիտեն՝ ինչպե՞ս ձևակերպել, որ հարկայինը չտուգանի։ Հեղինակի հետ աշխատելու կարգը չգիտեն։ Ամեն ինչից վախենում են։ Քաղաքում գրախանութները քսան տարի է հեղինակից գիրք են ընդունում, մարզերի գրախանութները էնքան գեղարվեստական գրականություն չեն վաճառել, որ անտեղյակ են այս ամենից, վախենում են հեղինակի հետ պայմանագիր կնքելուց։ Որպեսզի որևէ գրադարան գիրքդ գնի, անձամբ պիտի տանես, առաջարկես։ Կոնկրետ ինձ համար դա նվաստացնող է, երբեք չեմ անի։ Մի՞թե դժվար է մեխանիզմ մշակելը։ Առավել ևս, որ ժամանակակից գրողների հիմնական մասը գրքերը հրատարակում է սեփական միջոցներով։ Պատկերացնու՞մ եք՝ քանի գրադարան կա Հայաստանում, ինչքան ժամանակ է պետք հերթով մտնելու և գիրք առաջարկելու համար։ Չգիտեմ էլ, թե սա ում լուծելիք խնդիրն է, բայց լուրջ խոչընդոտ է։ Հետո էլ ասում ենք՝ չեն կարդում։ Կարդալու համար գիրքը գոնե պիտի տեսնեն։
– Ենթադրում եմ, որ նրանք, ովքեր ծանոթ են Ձեր արձակին, սպասում են նոր գրքի: Կա՞ նման հեռանկար, եթե այո՝ ինչի՞ մասին է լինելու:
– Կիսատ գործեր շատ ունեմ, բայց չեմ շտապում։ Հազար ու մի հարց կա, արդեն եղածները հնարավոր չէ հասցնել ընթերցողին, ուր մնաց թե… Չնայած, ինչպես ասում են՝ կարմիր կովը կաշին չի փոխի. եթե ամեն ինչ իր հունով գնա, հրատարակելու բան կունենամ։
– Թարգմանությունների հարցը տեղից շարժվու՞մ է:
– Այո, տարվա վերջին Անգլիայում պիտի արդեն լույս տեսնի այս՝ «Ագռավները Նոյից առաջ» վեպը։ Քանի որ դրանով զբաղվում է իմ գործակալը, մանրամասները չեմ ճշտել, բայց գրքի շապիկն արդեն ուղարկել են, նայել եմ… ամենաուշը եկող տարեսկզբին գիրքը երևի մեզ կհասնի։
– Դուք նաև մանկական գործեր եք գրում: Մանկական գործերը մանուկների համար, թե մեծերի, և ինչպե՞ս, որտե՞ղ կարդալ դրանք:
– Շատ պատմվածքներ ունեմ, որոնց հերոսները երեխաներ են, բայց դրանք մանկական չես համարի։ Այս տարի գրվեց իմ առաջին մանկական գործը՝ «Հիվանդոտ չարքը», որն էլ ուղարկեցի «IBBY Հայաստան» մրցույթին։ Այս մրցույթն իրոք անհրաժեշտ և կարևոր է մեր գրական դաշտի համար։ Մանավանդ որ այս տարի պետական օժանդակության արժանացած գրքերի մեջ չկար ոչ մի մանկական գործ։ Զգացվում էր, որ կազմակերպիչները լուրջ ջանքեր էին գործադրել։ Բայց բաներ կային, որոնք այլ կերպ կարելի էր անել։ Նախ՝ մրցանակային առաջին, երկրորդ, երրորդ տեղերը ինձ հիշեցնում են ցեցոտած սովետը։ Սովորաբար մրցանակը տալիս են ինչ-որ բանի համար՝ լավագույն սյուժեի, լեզվի, գեղարվեստականության, մատուցման և այլնի։ Չհասկացվեց՝ ինչո՞վ էր երկրորդ մրցանակը ստացած գործը առավել երրորդից։ Միայն հաղթող գործերի վերնագրերը ընթերցվեցին։ Ինչպիսի՞ն պիտի լիներ առաջին մրցանակի հավակնող գործը, որը չգտնվեց։ Իհարկե ասվեց, որ համաշխարհային միտումներին համապատասխանող գործեր չկային, բայց որո՞նք են այդ միտումները, որոնց մասնակիցները, հանձնաժողովի կարծիքով, տեղյակ չէին, չասվեց։ Հանձնաժողովի չափանիշների, ցանկությունների, սպասելիքների, հաղթող գործերի արժանիքների և այլնի մասին խոսք չեղավ։ Եվ ամենակարևորը, հանրապետության առաջին տիկնոջ մասնակցությամբ ընթացող միջոցառումը պետք է այլ մասշտաբ, այլ դահլիճ և այլ լսարան ունենար՝ անկախ ամեն ինչից։
Ինչևէ, սրանք չնչին թերություններ են կամ գուցե թերություններ էլ չեն, այլ ուղղակի իմ պատկերացումներն են նմանօրինակ մրցույթների մասին։ Կարևորն այն է, որ լավ գործ է արվում, մրցույթը աշխուժացնում է գրական կյանքը, գրողներին ստիպում գրել նոր գործեր, շփվել, քննարկել: ՈՒրախալի է, որ նյութականացված մեր օրերում այդքան մասնակից կար, և այդքան մարդ է գալիս դեպի գրականություն։ Ի դեպ, իմ և մրցույթի մյուս մասնակիցների գործերից հրապարակելու ենք մեր մանկական գրականության hasker.am կայքում։ Ցանկացողները կարող են կարդալ։
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հետևեք մեզ նաև Telegram-ում