Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը տասը համերգով հանդես կգա Չինաստանի բեմերում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հյուրախաղերով կմեկնի Չինաստան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նվագախմբի ելույթները ծրագրված են 2019 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2020-ի հունվարի 9-ը: Նվագախումբը տասը համերգով հանդես կգա Չինաստանի ինը քաղաքների համերգասրահներում:
«Սա բացառիկ շրջագայություն է իր ծավալներով, մշակութային և քաղաքական նշանակությամբ: Բոլորս գիտենք, որ մշակութային քաղաքականությունը հզոր զենք է յուրաքանչյուր պետության համար, հատկապես այնպիսի կոլեկտիվի միջոցով, որը բարձրակարգ է: Մասնագետներն են փաստում, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը վերջին տարիներին բարձր կատարողական վարպետության է հասել, իսկ այս շրջագայությունը լուրջ մեկնարկ կարող է լինել նաև հայ-չինական հարաբերությունների զարգացման տեսանկյունից»,- դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նրա խոսքով`հարյուր հազարավոր չինացիներ առաջին անգամ են լսելու «Հայաստան» բառը, և վստահ է, որ այն էմոցիոնալ ներգործությունը, որն ունենալու է նվագախումբը չինացիների վրա, չինացիներին թույլ կտա հետաքրքրվել Հայաստանով, ինչու չէ, նաև այցելել մեր երկիր:
Խզմալյանը հիշեցրեց, որ 2020 թվականին Հայաստանի մշակույթի օրեր են անցկացվելու Չինաստանում, և այս շրջագայությունը կարող է այդ օրերի փայլուն մեկնարկ լինել:
Փոխնախարարը հավելեց, որ պետությունը մեծ աջակցություն է ցուցաբերել շրջագայության կազմակերպման գործում: Նա նշեց, որ հրավիրող կողմն է նախաձեռնել այցը, ինչը մի քանի անգամ բարձրացնում է շրջագայության կարևորությունն ու միջազգային նշանակությունը. դա ձեռքբերում է:
«Ելույթներ ենք ունենալու Չինաստանի լավագույն դահլիճներում`Շանհայի Մեծ թատրոնից մինչև Պեկինի ազգային օպերայի թատրոն: Ծրագրում ընդգրկված են Խաչատրյանի «Դիմակահանդես»-ի, «Սպարտակ»-ի, Չայկովսկու «Շչելկունչիկ»-ի, Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»-ի ու Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե»-ի համերգային կատարումները»,-ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Նա ընդգծեց, որ ոչ բոլոր համերգներին են ներկայանալու մենակատարի հետ: «Երբ մենակատար է լինում, համերգը բավականին թեթևանում է նվագախմբի համար, քանի որ երկու բաժին ծանր ստեղծագործություններ նվագելը հեշտ չէ, բայց մյուս կողմից՝ նման պատիվ ամեն նվագախմբի չի տրվում»,-խոստովանեց դիրիժորը:
Հյուրախաղերը կազմակերպվել են Չինաստանի Armstrong International Music և Անգլիայի Wright Music Management գործակալությունների միջնորդությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում