«Նրանք, որոնք Տիրոջն են ապավինում, նոր ուժ պիտի ստանան»
Նմանատիպ
«Նրանք, որոնք Տիրոջն են ապավինում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն, ինչպես արծիվներ, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան» (Եսայի 40։31)։
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու,
Հերթական տարին է ավարտին մոտենում։ Ամեն տարի յուրաքանչյուրս մեզ համար հաշվետու ենք լինում մեր ապրած կյանքի համար, մեր անցկացրած օրերի համար։ Մենք հաշվետու ենք մեր խղճի առաջ, իսկ խիղճը, ինչպես ասում են, Աստծո ձայնն է մարդու մեջ։ Այսինքն՝ մարդը հաշվետու է Աստծուն։ Եթե յուրաքանչյուր մարդ դա գիտակցի, ապա իր կյանքի ընթացքում կձգտի ապրել ճիշտ, արդար, առանց որևէ խարդախության, կձգտի զերծ մնալ մեղքերից, և առաքինությունը կդառնա նրա էության զարդարանքը։ Եթե մարդը խղճով առաջնորդվի, իր խղճի առջև ամենամյա հաշվետվության ժամանակ մեղքեր կուտակած չի լինի, իր հոգին ու մարմինը թեթևացրած կլինի մեղքերի բազմությունից։ Եթե մարդը խղճով առաջնորդվի, երբեք առիթ չի ունենա անհանգստանալու իր քայլերի ու արարքների համար։
Հաշվետու լինել Աստծո առաջ դեռևս չի նշանակում միանգամից սուրբ և կատարյալ դառնալ, այլ նշանակում է քաջություն ունենալ տեսնել և խոստովանել սեփական մեղքերը։ «Նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը», – ասում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս (Մատթեոս 7։5)։ Պետք է քաջություն և խիզախություն ունենալ, մեղավոր լինելով՝ խոստովանել Տիրոջը սեփական տկարությունը, ուժ ունենալ խոստովանելու, որ մեր էությունը մեղանչական է, որպեսզի Տիրոջ զորությամբ մարդը կարողանա հաղթել մեղքին, որպեսզի Սուրբ Հաղորդությամբ կարողանա քավություն և թողություն ստանալ։
Հաշվետվությունը, սիրելինե՛ր, կարևոր բան է մարդու կյանքում։ Այն կարգապահություն է մտցնում մարդու կյանքում։ Եթե մարդը ապրի Աստծո ներկայության գիտակցությամբ, ապա սխալ գաղափարներ և մտքեր չի ունենա, սխալ քայլեր ու արարքներ իրեն թույլ չի տա, սխալ աշխարհ չի կառուցի իր համար։ Ժամանակակից աշխարհը մեզ կարող է հարցնել, թե ո՞վ է որոշում սխալն ու ճիշտը, ո՞վ է զատորոշում մեղքն ու արդարությունը, ո՞վ է սահմանում մեղավորության և անմեղության սահմանը, եթե պետությունների օրենսգրքերում մարդկային տվյալ արարքներն ու խոսքերը՝ իբրև հանցանք, չեն պատժվում։ Մենք հաստատապես կարող ենք պատասխանել նրանց, որ Նա, ով արարել է այս տիեզերքը, Նա էլ սահմանել է մարդկային բարոյականության օրենքներն ու մարդկության բարօրության չափանիշները։ Երկրորդ Օրենքում Մովսեսը, դիմելով իր ժողովրդին, ասում է․«Այսօր, ահա, քո առջևն եմ դնում կյանքն ու մահը, բարին ու չարը։ Եթե լսես մեր Տեր Աստծու պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ՝ սիրես քո Տեր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա օրենքները, նրա պատվիրաններն ու նրա կանոնները, կապրեք ու բազմամարդ կլինեք, և քո Տեր Աստվածը քեզ կօրհնի ամբողջ երկրում, ուր կմտնես այն ժառանգելու համար։ Իսկ եթե քո միտքը փոխես, չհնազանդվես, մոլորվելով երկրպագես օտար աստվածների ու պաշտես դրանք, ապա այսօր քեզ հայտնում եմ, որ կկորչեք, երկար չեք մնա այն երկրում, ուր դուք կանցնեք Հորդանան գետը կտրելով՝ այն ժառանգելու համար։ Երդվում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։ Պետք է սիրես քո Տեր Աստծուն, լսես Նրա ասածը, կապված մնաս Նրան, որովհետև Նա է քո կյանքն ու քո երկարակեցությունը, որպեսզի բնակվես այն երկրում, որ Տերը երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որ կտա նրանց» (Երկրորդ օրենք 30։15-20)։
Առաքինությունից և բարոյականությունից մարդուն վնաս լինել չի կարող։ Սակայն, ինչպես ի սկզբանե՝ Ադամն ու Եվան չգիտակցեցին այն դրախտային պայմաններն ու իշխանությունը, որոնք նրանց տրված էին, և ցանկացան դուրս գալ Աստծո սահմանած կարգից և իմանալ արգելված պտղի ճաշակումից իրենց տրվելիք հնարավորությունները, այնպես էլ այժմ մարդիկ կարծում են, որ քրիստոնեության բարոյական արժեհամակարգը սահմանափակում է մարդու ազատությունը։
Մարդակենտրոն աշխարհում Աստծո մերժումը տանում է ամենաթողության։ Մինչդեռ Աստվածակենտրոն կենցաղավարությունն է, որ գեղեցկացնում, քաղցրացնում և օրհնութուն է բերում մարդու կյանքին և առօրյային։ Իրականում Աստվածակենտրոն կյանքն է, որ ծառայում է ի նպաստ մարդու և նրա փրկության։ Աստվածահաճո կյանքը և պատվիրանապահությունը կարող են սահմանափակել մարդկային մեղքերը, բայց միաժամանակ ուղղորդել դեպի հավասարակշռված կյանք, բաց անել առաքինությունների լայն հորիզոններ, քանի որ մարդկային խիղճը այդժամ դառնում է նրա զսպաշապիկն ու բարեգործության առաջնորդը։ Այդժամ ազատությունը անսանձ չի դարձնում մարդուն և անպայմանորեն ուղեկցվում է պատասխանատվության գիտակցությամբ։ Սուրբ Պողոս Առաքյալն ասում է․«Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց ոչ ամեն բան՝ օգտակար։ Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց պետք չէ, որ որևէ բանի իշխանության տակ լինեմ» (Ա Կորնթացիներ 6։12)։
Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ, մաղթում եմ բոլորիս խաղաղ ու մաքուր խղճով, մեղքերից մաքրված դիմավորել այս Նոր տարին։ Ինչպես որ քայլել եք այսքան ժամանակ, ամուր և անսասա՛ն լինեք ձեր հավատքի ու հավատամքի մեջ, որովհետև մենք Ճշմարիտ Աստծուն ենք ապավինել, մենք վախենալու և ամաչելու ոչինչ չունենք։ Քրիստոս ասում է․«Երկինք ու երկիր կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի» (Մարկոս 13։31)։
Թող ոչինչ չսասանի ձեր հավատքը, թող ոչինչ ձեզ չստիպի նահանջել ձեր քրիստոնեական ճշմարիտ հավատքից։ Հայ ժողովուրդը իր ամուր հավատքի շնորհիվ հաղթահարել է դարերի բոլոր փորձությունները, այդ թվում և Մեծ Եղեռնը, բայց նորից ոտքի է կանգնել։ Ինպես ասվում է Եսայի մարգարեության գրքում․«Նրանք, որոնք Տիրոջն են ապավինում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն, ինչպես արծիվներ, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան» (Եսայի 40։31)։
Ապրենք մեր կյանքը հավատքով, հույսով ու սիրով։ Ապրենք ողորմածությամբ, և մեր խիղճը մեզ երբեք չի դատապարտի։ Ապրենք Աստծո պատվիրաններին հավատարիմ։ Կանցնեն ժամանակներ, կփոխվեն աշխարհակարգերը, կփոխվեն մարդիկ ու նրանց գաղափարախոսությունները, բայց մենք հաստատուն հողի վրա կանգնած կլինենք, զղջալու և ափսոսալու առիթներ չենք ունենա։ Եթե մենք հաշվետու ենք մեր Աստծուն, ուրեմն մեր խիղճը ժամանակների քննությունից չի կարող վախենալ և հանգիստ կարող է լինել յուրաքանչյուր վայրում և յուրաքանչյուր ժամանակ։
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։
Տեր Վահան քհն. Առաքելյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում