Հովհաննես Թումանյան․ Տարոնի առավոտը

Հովհաննես Թումանյան․ Տարոնի առավոտը

(Հատված պոեմայից)

Կարմիր արևն առավոտյան
Պայծառ ցոլաց դեպի Մուշ,
Ծավալվեցավ ծովի նման
Մշու դաշտը քաղցրահուշ։

Նրա շուրջը խոշոր դեմքով
Կանգնած, լեռներն ահագին,
Քնաթաթախ, լուռ աղոթքով,
Նայում են վեր- երկնքին։

Արածանին օձապտույտ
Ծաղկադալար ափերում,
Մշուշի մեջ, ազատ, անփույթ
Խաղ է անում, փրփըրում։

Բայց հարսներ չեն հավերժական
Խայտաճամուկ շորերով,
Եվ չեն եկել, որ լողանան
Արածանու ջըրերով։

Որ սիզավետ տափաստանում
Վազվըզելով մանրաքայլ,
Երգ ասելով քաղ են անում
Մարգերի մեջ ցողափայլ։

Արեգակի շողերի հետ
Ահա շողաց և մի բան,-
«Ո՜վ զորավոր սուրբ Կարապետ,
Ո՜վ ավազանդ հայության…»

Հանգիստ կացի՛ր, բարեպաշտ մարդ,
Այն խաչը չէ քո պաշտելի
Սուրբ Կարապետ շքեղազարդ
Հայոց վանքի գմբեթի։

Ծայրն է քրդի սուր նիզակի,
Որ ճոճում է մշուշում.
Ահա և ձին ավազակի,-
Ի՜նչ արագ է նա քըշում։

Տեսավ հեռվից քաջ աշիրը
Զվարթ խումբը քաղվորի,
Եվ ցոլացին սուր աչքերը
Ցանկությունից վայրենի.

Եվ սլացավ ինչպես բազեն
Խոյանում է ամպերից,
Ա՜հ, խեղճ կանայք, էլ ո՞ւր վազեն,
Ի՞նչ է գալիս ձեռքներից…

Հասավ, ճանկեց… բռնեց թարքին
Օրիորդին ուշաբարձ,
Ասպանդակեց, տաքացավ ձին,
Եվ հեռացավ սրընթաց։

1890

Հետևեք մեզ նաև Telegram-ում