Նոտր Դամում 216 տարվա մեջ առաջին անգամ չի մատուցվի Սուրբծննդյան պատարագ
Նմանատիպ
Շատերն են հիշում՝ ինչպես 2019-ի ապրիլի 15-ին այրվում էր Փարիզի սիրտը՝ Նոտր Դամը: Աստվածամոր տաճարում 216 տարվա մեջ առաջին անգամ չի մատուցվի Սուրբծննդյան պատարագ: Կրակից փլուզվեց Նոտր Դամի փայտե տանիքն ու աքաղաղով սայրը: 8 ամիս անց վերականգնողական աշխատանքները դեռ չեն սկսվել: Սուրբծննդյան պատարագը Փարիզի Աստվածամոր տաճարում 216 տարի դեկտեմբերի 24-ին մատուցվում էր անփոփոխ: Պատարագ չի եղել միայն ֆրանսիական հեղափոխության ժամանակ: «Պատարագը չեն բեկանել կոնֆլիկտների պատճառով՚՝ հիշեցնում է Le Parisien-ը, Սուրբծննդյան պատարագները հնչել են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Փարիզում գերմանացիներն էին: Սուրբծննդյան գլխավոր պատարագն այս տարի կմատուցեն Փարիզի Սեն Ժերմեն լ’Օսերուա եկեղեցում, կմասնակցի Աստվածամոր տաճարի ռեկտոր Պատրիկ Շովեն: Նոտր Դամում առայժմ միայն ամրացման ու արճիճից մաքրման աշխատանքներ են կատարվել, որից ձուլված էր մասամբ այրված սայրը: Հավատացյալներին Նոտր Դամ մտնել թույլ չեն տալիս: Առաջիկա մի քանի ամիսներին կսկսվի հրդեհի ժամանակ ձուլված շինափայտերի դուրսբերումը: Տաճարի վերականգնումը խոստանում են սկսել 2021-ին ու ավարտել ռեկորդային կարճ ժամկետում: 2024-ի ապրիլի 16-ին ծրագրված է պատարագ, սակայն Փարիզի գլխավոր տաճարի վերականգնման նախագիծը դեռ չի հաստատվել:
Հ.Գ. Լաց լինող Մակրոնն ու Փարիզի խորհրդանիշ աքաղաղի փրկությունը՝ 2019-ի ապրիլի 15-ին ամբողջ աշխարհն էր հետևում՝ ինչպես է այրվում Նոտր Դամը: Միչև այսօր ոչ միայն չի հաստատվել տաճարի վերականգնման նախագիծը, այլև պարզ չէ՝ ինչի՞ց էր բռնկվել հրդեհը: Թեպետ Փարիզի շրջանային դատարանը բացառել է ահաբեկչության վարկածը, առաջադրելով տեխնիկական անսարքության տեսակետը, այնուամենայնիվ, կասկածները մնում են: Հուսանք, որ 2024-ին Նոտր Դամը վերջապես կբացի դռները: Գուցե դա այլևս չլինի նախկինը, բայց, միևնույն է, լինելու է Փարիզի Աստվածամոր տաճարը, որտեղ պարտադիր լինում են բոլոր զբոսաշրջիկները, որ ոտք են դնում Ֆրանսիայի մայրաքաղաք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում