Փառատոններ, հյուրախաղեր, նոր ներկայացումներ. Թատերական գործիչների միությունն ամփոփել է տարին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ամփոփելով 2019 թվականը, նշել է, որ տարին լի էր նշանակալի թատերական իրադարձություններով՝ փառատոններ, հյուրախաղեր, այցելություններ մարզային, ինչպես նաև Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. և Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. թատրոններ:
«Տարվա գլխավոր թատերական իրադարձությունը ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր, որն ավանդաբար անցկացվում է մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: Այդ օրը մենք ի մի ենք բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է Ղազանչյանը՝ հավելելով, որ «Արտավազդ»-ն այս տարի նվիրված էր հայ ականավոր թատերական գործիչ, ՊՀԹ հիմնադիր Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին:
Ղազանչյանի խոսքով`մարտի 11-ին Թբիլիսիում հայկական պատվիրակությունը մասնակցել է Պ. Ադամյանի անվան հայկական պետական թատրոնի «Աշնանային իրիկնամուտ» ներկայացման պրեմիերային: «Ներկայացման առաջնախաղը կայացավ Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնի բեմում: Այն ջերմ ընդունելության արժանացավ: ՀԹԳՄ պատվիրակության կազմում էին Վահե Շահվերդյանը, Ռուբեն Բաբայանը, Կարինե Խոդիկյանը, Սոնա Մելոյանը, Սուրեն Շահվերդյանը»,-շեշտել է միության նախագահը:
Ղազանչյանը պատմել է, որ նույն օրը, ներկայացումից հետո, հենց բեմում, Հայաստանի թատերական գործիչների միության և Վրաստանի թատերական ընկերության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի և ՎԹԸ նախագահ Գեորգի Գեգեչկորիի կողմից:
Տարվա թատերական նախագծերից նա առանձնացրել է Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսի մոտիվներով ստեղծված «Կոմեդիա Պիրամոսի և Թիսբեյի մասին» միջազգային նախագիծ-ներկայացումը, որը բեմ է բարձրացել ապրիլի 10-17-ը:
«ՀԹԳ միության և Եվրամիության հայաստանյան պատվիրակության համատեղ կազմակերպած միջազգային թատերական նախագծի նպատակը մեկ ներկայացման մեջ միավորելն էր Եվրամիության անդամ մի քանի երկրների դերասանների (մասնակցում էին ԵՄ 8 երկրներից ժամանած դերասաններ): Ծրագրի յուրահատկությունը նրանում էր, որ մասնակից երկրների դերասաններից յուրաքանչյուրը ներկայացման մեջ հանդես էր գալիս իր ազգային լեզվով: Բեմադրությունը ցուցադրվեց ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում, Գավառում և Գորիսում: Երևանյան առաջնախաղը կայացավ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում»,-վերհիշել է Ղազանչյանը:
Խոսելով փառատոնների մասին՝ Ղազանչյանը ներկայացրել է սեպտեմբերի 16-23-ը կայացած «Թատերական Գավառ» փառատոնը: Այն թվով առաջինն է եղել Գավառում և անցկացվել է Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնի նորաբաց շենքում:
«Փառատոնը նպատակ ուներ աշխուժացնել թատերական կյանքը Գեղարքունիքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն: Փառատոնի շրջանակում ցուցադրվեցին տասը ներկայացում` Երևանի, Վանաձորի և Գավառի թատրոնների մասնակցությամբ»,-ասել է միության նախագահը:
«Թատերական Գավառ» փառատոնին հաջորդել է Աբովյանի ամենամյա չորրորդ թատերական փառատոնը, որը կայացել է հոկտեմբերի 7-11-ը:
Հակոբ Ղազանչյանը նշել է, որ դեկտեմբերի 5-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացած արցախցի երիտասարդ գրող Հերմինե Ավագյանի «Պատերազմ…աչքեր…ծաղիկներ…» գրքի հիման վրա բեմադրված «Լուսաբացից առաջ» ներկայացման առաջնախաղին՝ Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանի բեմադրությամբ։ Պրեմիերան նվիրվել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին: «Մենք պետք է ժամանակ առ ժամանակ վերապրենք մեր հիշողությունները, մտորումները և պատմությունը: Շատ հակասական ժամանակներում կա մի վտանգ, երբ կարող է կտրվել ժամանակների կապը: Եկող սերունդները չպետք է որպես սովորական տարեգրության նայեն այն ամենին՝ ինչով անցել է հայ ժողովուրդը, մասնավորապես՝ հերոսական Արցախը: Կուզենայի, որ ներկայացումը դիտեին նաև այն երիտասարդները, ովքեր զինվորական ծառայություն են անցնում Արցախում: 1 ժամ 40 րոպե տևողությամբ ներկայացումը մի դասագիրք է բոլորիս համար՝ վերհիշելու և վերարժևորելու մեր ոչ վաղ անցյալը»,-ընդգծել է նա:
Ղազանչյանի համոզմամբ` Ստեփանակերտը պետք է ունենա թատրոնի հարմարավետ շենք: ՀԹԳՄ նախագահը պաշտոնական հանդիպում է ունեցել նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է այն մասին, թե ինչպես ակտիվացնել թատերական կյանքը Արցախում։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020 թվականին Արցախում անցկացնել «Թատերական Արցախ» փառատոն, որին կմասնակցեն նաև Հայաստանի թատրոնները՝ իրենց լավագույն բեմադրություններով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում