Ինգա և Անուշ Արշակյանները նոր նախագծով են հանդես գալիս
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Երկարատև լռությունից հետո Արշակյան քույրերը վերադառնում են հայկական ազգային երաժշտության նորովի մատուցմամբ՝ Ամանորին ընդառաջ ներկայացնելով նոր անիմացիոն տեսահոլովակ՝ «Ձյան հեքիաթ» երգի հիման վրա։
Տարածած հաղորդագրության համաձայն, սա երգ-եռապատում է, որում համակցվել են Կարո Չալիկյանի ֆոնդի «Երկանք», Լիլիթ Սիմոնյանի հեղինակային «Ձյուն ա դրել» և Կոմիտասի ազգագրական ժողովածուի «Սար-սար» ստեղծագործությունները։ Տեսահոլովակի հեղինակը Նաիրա Մուրադյանն է։
«Ձյան հեքիաթի» հիմնական նպատակն է պահպանել ու շարունակել ազգային երաժշտության ավանդույթները։ Ինգա և Անուշ Արշակյաններն այս տեսահոլովակով ազդարարում են նոր նախագծի մեկնարկը, որը մեծագույն հարգանքի դրսևորում է այս ձայնադարանը մեզ ժառանգած հանճարեղ մարդկանց հանդեպ։ «Կենաց ծառ» նախագիծն ազգային երաժշտության մշակում և անիմացիոն տեսահոլովակների շարք է։
Նախագծին մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, «Հովեր» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Սոնա Հովհաննիսյանը: Սիմֆոնիկ մշակումը կատարել է Անդրանիկ Բերբերյանը: Տեսահոլովակում օգտագործվել են Արմեն Քյուրքչյանի մշակած զարդանախշերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում